ՈՒխտագնացություն դեպի Արարայի հուշարձան

0
651
Սուրբ փրկիչ վանքի մուտքը(լուսանկարը Խաչիկ Բեկարյանի)
Սուրբ փրկիչ վանքի մուտքը(լուսանկարը Խաչիկ Բեկարյանի)

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24 –ին մինչ թուրքական հյուպատոսարան մեկնելն ավանդաբար հայերն երթ էին կազմակերպում դեպի հայկական թաղամասի ներսում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցի, որտեղ է գտնվում նաև հայկական գերեզմանատունն և հարգանքի տուրք մատուցում 1918թ-ի Արարայի ճակատամարտի հայ հերոսների հիշատակին:  Ահա անցյալ տարի Հայոց Պատրիարքարանը որոշել էր Արարայի ճակատամարտի 100-ամյակի հետ կապված առանձին ուխտագնացություն կազմակերպել : ՈՒրբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան տեղի ունեցավ  ուխտագնացություն – երթ նվիրված Արարայի ճակատամարտի 101-տարելիցին, որին մասնակցեցին պատրիարքարանի թափորը՝ հանդիսապետությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի: Ժառանգավորաց վարժարանի սաները, ռամկավարների ու դաշնակցականների տեղի կառույցների ներկայացուցիչներն ու սկաուտներն և  հայկական համայնքի տասնյակ անդամներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայ քաջերին: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ անցյալ տարի ուշացումով էին նշել, նոյեմբեր ամսին, իսկ այս տարի սեպտեմբերի 20-ին որոշեցին կազմակերպել ուխտագնացությունը դեպի հուշարձան: Հոգեհանգստյան արարողությունից հետո Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի էր ունեցել հուշ երեկո, որի ժամանակ  դասախոսությամբ էր հանդես հայր Կորյունը:

Ընդհանրապես Հայաստանում և սխալված չենք լինի ասել նաև Սփյուռքում քչերը գիտեն  1918թ. – ի սեպտեմբերի  19-ին նախկին Պաղեստինում, այժմյան Իսրայելում գտնվող Արարա լեռան ճակատամարտի մասին, որի ժամանակ զուտ հայերից բաղկացած  Հայկական լեգեոնն, որը ստեղծվել էր Ֆրանսիական բանակի կազմում Եվրոպայում գտնվող Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի աջակցությամբ 1916թ.-ին, ավելի քան 12 ժամ տևած ճակատամարտի արդյունքում հաղթեց թուրք-գերմանական  12000 զինվոր հաշվող բանակներին: Հայկական ուժերին հաջողվել էր ճեղքել թշնամու ճակատը և անցնել նրա թիկունք։ Այս ճեղքումն ապահովեց դաշնակիցների անգլո-ֆրանսիական զորքերի ընդհանուր հարձակումը և թուրքերի լիակատար պարտությունն այս ռազմաճակատում: Մայիսյան հերոսամարտերից հետո թուրքական բանակների դեմ մղված այս ճակատամարտը փոքրաթիվ հայ հերոսների յուրահատուկ սխրանքներից մեկն է ու Երուսաղեմում ճակատամարտից հետո շատ հայ զինվորներ հաստատվեցին:

– Եթե մենք այստեղ չնշենք, ուրիշ ոչ մի տեղ չի նշվի այս դեպքը: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայ զինվորների հիշատակին: Իհարկե շատ ուրախ կլինենք որ ուրիշ համայնքներ էլ հետևելով մեր օրինակին նշեն Արարայի ճակատամարտում ընկած հայ հերոսների հիշատակը, – ասաց դիվանապետը:

40 զինվորի ոսկորներ են Արարայի հերոսամարտից հետո թաղվել հայկական թաղամասում, բայց միայն Արարայի ճակատամարտին չէ, որ Հայկական Լեգիոնը մասնակցել է: Մեր մարտիկները մասնակցել են Բեյրութի, ինչպես նաև Կիլիկիայի ազատագրմանն և հարյուրավոր զինվորներ են թաղված Երուսաղեմի հայկական գերեզմանատանը, – մեր թերթին մի առիթով պատմել էր երջանկահիշատակ Ժորջետ Ավագյանն, ով հաճախակի էր այցելում ճակատամարտի այդ վայրը:

ՈՒշագրավ է նաև, որ Իսրայելի հարավային Բեեր Շևա քաղաքում կա եղբայրական գերեզմանատուն, որտեղ թաղված են առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված թե անգլիացի, թե ֆրանսիացի, թե ասորի և թե հայ զինվորների աճյունները: Չնայած թուրքերի իրագործած ցեղասպանությանն, այս ռազմաճակատում շատ հայ բժիշկների թուրքերը խնայեցին ու այս գերեզմանատանը նաև շատ հայկական գերեզմաններ կան:

Այդ տարիներին Երուսաղեմահայերը շատ քիչ էին ու հիմնականում հոգևորականներ, որով պայմանավորված նրանք չմասնակցեցին Պաղեստինի ազատագրմանը մղվող պատերազմին ու համայնքը ձևավորվեց  առաջին աշխարհամարտի ավարտից հետո՝ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայերի շնորհիվ ու մինչև 1948 թ.-ը Պաղեստինում ապրում էր ավելի հան 25.000 հայ, որոնց գերակշիռ մասն Երուսաղեմում:

Համենայն դեպս այժմ  չափազանց կարևոր է չմոռանալ և ապագա սերունդների փոխանցել հայ հերոսների փառահեղ հաղթանակի պատմությունները:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here