Ապրիլի 17 – ին մեծ շուքով նշվեց հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակը

0
84

Վաստակավոր հայ երգահան, Իսրայել պետության ու Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգը երաժշտական գերազանցության և մշակութային տոնի անմոռանալի երեկո էր։ Ապրիլի 17-ին, չորեքշաբթի օրը Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում միջոցառումը համախմբեց տարբեր սերունդների ու ազգերի կատարողների և հանդիսատեսների՝ հարգելու Ասլանյանի ուշագրավ ավանդը համաշխարհային դասական բազմաժանր երաժշտության մեջ:

Համերգը կազմակերպվել էր Իսրայելի մշակույթի ու սպորտի նախարարության, «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերության, Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության և Հայֆայի քաղաքապետարանի աջակցությամբ: Գործին «միջամտել» էր նաև Իսրայելի Հայֆա քաղաքի հայկական համայնքը՝ երկրի հյուսիսային ու Հայֆա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ:

Ծրագրում ներկայացված էր Ասլանյանի հարուստ ժառանգությունից ընտրված առանձնահատուկ ստեղծագործություններ՝ որը ցույց էր տալիս նրա երաժշտական ստեղծագործությունների խորությունն ու բազմազանությունը: Համերգը տեղի ունեցավ այնպիսի հեղինակավոր երաժշտական համույթների մասնակցությամբ, ինչպիսիք են Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը, Նահարիա քաղաքի  կոնսերվատորիայի փողային նվագախումբը, Կիրյատ Յամ քաղաքի կոնսերվատորիան, «Բիթ –Բենդ» Հայֆայի նվագախումբն և ողջ երկրից  հրավիրված կամերային նվագախմբեր, տարբեր  համույթներ ու մենակատարներ:

Հուզիչ հայկական դասական երաժշտությունից, հայրենասիրական քայլերգներից մինչև բազմաոճ ստեղծագործություններ՝ յուրաքանչյուր կատարում հարգանքի տուրք էր մատուցում Ասլանյանի եզակի գեղարվեստական տեսլականին և խորը ազդեցությանը երաժշտության աշխարհի վրա: Հանդիսատեսին տրվեց գրավիչ հնարավորություն՝ մտովին ճամփորդել Ասլանյանի հարուստ երաժշտական ժառանգության առանցքով՝ անմիջականորեն զգալով նրա ստեղծագործությունների ուժն ու գեղեցկությունը:

Տաղանդավոր հայ կոմպոզիտորին նվիրված, չափազանց հուզիչ հոբելյանական համերգն ամփոփվեց մաէստրո Ասլանյանի «Սարդարապատ» քայլերգ – պոեմով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որն իրոք հիացմունքի ու համատարած ակնածանքի մթնոլորտ ստեղծեց մեր հայկական համայնքի միակ կոմպոզիտորի հանդեպ:

Ծաղիկների ու ծաղկեփնջերի տարափի, հնչած բազմաթիվ շնորհավորանքների ֆոնին, հոբելյանական երեկոյին յուրահատուկ հնչեղություն պարգևեց Իսրայելի տարբեր հեռու և մոտիկ շրջաններից ժամանած հայ հանդիսատեսի ներկայությունն ու մասնավորաբար Իսրայելի Հայֆա քաղաքի հայկական համայնքի նվերն, որը հոբելյարին սիրով հանձնեց՝ երկրի հյուսիսային ու Հայֆա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը: Մեր հոգևոր հովիվը նախ հայերեն խոսեց ու շնորհավորեց մաէստրոյին ու քաղաքի հայկական համայնքի անունից նվիրեց ձեռագործ հայկական կերամիկական ափսե՝ Սայաթ Նովայի պատկերով ու նրա ստեղծագործության նոտաներով զարդարված:

Համերգի ավարտից հետո Ասլանյան ընտանիքը ներկաներին «ծանոթացրեց» նաև հայկական քաղցրավենիքի ողջ տեսականու և հայկական կոնյակի հետ:


Խմբագրության կողմից՝

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունն ու Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը կրկին սրտանց շնորհավորում են մաէստրո Ասլանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և մաղթում, որ շարունակի արարել ու նոր հայկական ստեղծագործություններ գրել ու ստիպել, որ Իսրայելի բանակը շարունակի քայլել «ասլանյանական հայկական քայլերգների»  տակ:

Պարոն Ասլանյանն իր ծննդյան կապակցությամբ ստացել էր բազմաթիվ շնորհավորանքներ,  հեռախոսազանգեր, շնորհավորանքներ: Աշխարհի ավելի քան 15 երկրում կատարված ու աշխարհագրությունն ընդլայնող հայ կոմպոզիտորն այսօր էլ շարունակում է ստանալ շնորհավորանքներ իսրայելցի ու այլ երկրների իր գործընկերներից: Դահլիճում էր Հայաստանում Իսրայելի նախկին դեսպան տիկին Ռիվկա Քոհենն, որին առանձին անդրադարձավ մաէստրոն, նախկին Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմն էր շնորհավորել, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը։ Մայր հայրենիքից միակ շնորհավորանք ստացել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանից:

Շարունակում է լռել ՀՀ կոմպոզիտորների միությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Գուցե՞ մեր պաշտոնյանները չափազանց զբաղված են ու անտարբեր Սփյուռքի հայ երաժշտահանների ու մշակույթային գործիչների հոբելյանական տարեդարձներն ու  նրանց ավանդը հիշելու համար, սա ինչպես ասում են «մեկ այլ օպերայից է»:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here