Ապրիլի 27 – ին Սուրբ Նիկողայոս վանքում երկրի կենտրոնի հայերը շուքով տոնեցին Ծաղկազարդը

0
83

Այս տարի էլ Ծաղկազարդի ժամանակ Հայկական միջնադարյան վանքը լեցուն էր հայ հավատացյալներով: Երկրի տարբեր շրջաններից, մասնավորաբար կենտրոնական քաղաքներից հայերը սովորաբար շտապում են Յաֆֆո՝ մասնակցելու գեղեցիկ այդ տոնին: Ավելի քան 200 հայորդի էր հավաքվել վանքի բակում: Ամենաուշագրավը հայ մանուկների առատությունն էր վանքում, որն իրոք մեր համայնքի ապագայի նկատմամբ որոշ հույսեր է արթնացնում:

Հոկտեմբերից շարունակվող պատերազմի պայմաններում ու ծանր քաղաքական-տնտեսական իրավիճակն երկրում, չխոչընդոտեցին որպեսզի Թել-Ավիվ քաղաքի մասը դարձած Յաֆֆոյի հին նավահանգստի տարածքում գտնվող Սրբ. Նիկողայոս վանքն, որի մասին առաջին վկայությունները վերաբերում են դեռևս 7-րդ դարին, բացի իր հյուրընկալ դռները հայ քրիստոնյաների ու այցելուների առաջ:

Ծաղկազարդ տոնի մասին:

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն Է (Զատկից մեկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նախաքրիստոնեական հեռավոր ժամանակներից։ Տոնի ծիսական արարո­ղությունների մեծ մասը նվիրված Է գարնան զարթոնքին:

Գարնանը բնությունն սկսում է ծաղկել, փթթել և արգասավորվել, հետևաբար, ծաղիկների առատության երևալու հետ է կապված տոնի Ծաղկազարդ անվանումը։ Մյուս՝ ժողովրդական տարբերակը՝ Ծառզարդար (ծառով զարդարված կամ ծառը զարդարել), դարձյալ գարնան գա­լուստն է խորհրդանշում, երբ, ի նշան դրա, մարդիկ ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով զարդարում էին իրենց տունն ու բակը, անասուններին։ Հետո այդ ոստերը խնամքով պահում էին ու գործածում՝ որպես պահպանիչ ուժ ունեցող մրրիկի և փոթորկի ժամանակ, նաև այրում էին ու մոխիրը քամուն տալիս՝ փորձանքից զերծ մնալու համար։ ժողովուրդը օրհնված ոստերի մեջ խորհրդավոր մի ուժ էր տեսնում, որի միջոցով կարող էր պաշտպանվել բնության արհավիրքներից, որոնք կարող էին ոչնչացնել հունձքը, այգին, պտղատու ծառերը։ Անցյալում Ծաղկազարդի տոնին սովորություն էր եկեղեցում ծառ զարդարելր, ինչպես նաև նրա ճյուղերից պտուղներ կախելը, որը ոչ միայն արտահայտում է տոնի Ծառզարդար անվանումը, այլև աղերսներ ունի պտղաբերության պաշտամունքի հետ (պտուղներ կախելը)։

Մաղաքիա արք. Օրմանյանի վկայությամբ, «Այդ անունով (Ծաղկազարդ Ա.Ա.) կոչում ենք Քրիստոսի Երուսաղեմ գալու տոնն, որը Զատկից մի շաբաթ առաջ է կատարվում, և սակայն ո՛չ ավետարանական պատմության, ո՛չ ավանդական հիշատակության և ո՛չ էլ օրվա արարո­ղության մեջ ծաղկի խոսք չկա։ Ուրիշ ազգերի մեջ էլ այդ իմաստով բան չկա, հետևաբար, Ծաղկազարդ անունը զուտ հայերեն լինելով, տոնական կամ քրիստոնեական ծագում էլ չունի։ Իրավացի կլինի ենթադրել, թե Ծաղկազարդը Վարդավառ անվան նման հին ու հեթանոսական տոն է հայերի մոտ, որը ժամանակների եւ պարագաների նմանությամբ Երուսաղեմ գալու տոնին խառնվեց և մեկի անունը մյուսին տրվեց»։

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է։ Այդ մասին վկայում են տոնին կատարվող սովորությունները։ Այդ օրն աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ ու թանկարժեք զգեստները, աղջիկները նաև եղունգները հինա էին դնում։ Նշանված տղաներն արմատախիլ էին անում մատաղ ուռենին և ճյուղերը զարդարում գույնզգույն լաթի կտորներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով և եռասայր մոմերով :

Մինչեւ կեսգիշեր երիտասարդները Եկե­ղեցի էին շտապում։ Առաջինը տեղ հասնողը խփում էր զանգը, մյուսները գնում էին քահանային արթնացնելու։ Նշանված տղաները զարդարված ծառերով կանգնում էին իրենց հարսնացուների առաջ։ Մերձավոր կանանցից մեկը ծառի վրա մի եռասայր մոմ էր վառում ու ընծաներ տալիս նշանվածներին։

ժամերգությունը ձգվում էր գրեթե մինչեւ լուսաբաց, խլանալով   չըխկչըխկանների աղմուկով, որ երեխաները պատրաստում էին հատկապես այդ օրվա համար։ Առավոտյան, ծառերն օրհնելուց հետո, ժողովուրդը՝ գերազանցապես երիտասարդներ, ծառերից մեկական ճյուղ պոկելով, տուն էին տանում, այն տնկում հողի մեջ, որ արմատ տա, կամ կախում էին խնոցուց։ Այն գցում էին նաև կրակը, որպեսզի կաթը եռացնելիս չմակարդվի։

Այդ գիշեր, հաճախ, նախնական համաձայնությամբ, նոր զույգերի նշանադրություն էր կատարվում։ Եկեղեցում տղայի մայրը ընտրած աղջկա մատին մատանի էր դնում, գլխին՝ գլխաշոր գցում, որից հետո վերջինս նշանված էր համարվում։ Այս սովորություններն, անշուշտ, կապ ունեին տոնի խորհրդի ու իմաստի հետ. այլաբանորեն այդ բոլորը առնչվում էին բնության ծաղկումի, արգասավորման հետ՝ կատարվելով հատկապես գարնանը։

Տոնի օրը պատանիները ճըռճըռան ու կարկաչա հարելով, երգելով ման էին գալիս տնետուն եւ Զատկի համար ձու հավաքում։ Լեռնային Ղարաբաղի որոշ գյուղերում կանայք մոմերով գնում էին գերեզմանատուն և այրվող մոմերն ամրացնում իրենց հանգուցյալների գերեզմանաքարերին. ողջ գերեզմանոցը փայլփլում էր կրակներից։

Ծաղկազարդին, չնայած պաս էր, պատրաստվում էին անուշեղեններ՝ նազուկ, փախլավա, ուրիշ թխվածքներ ու համեղ կերակուրներ։

Ցավոք սրտի ըստ որոշ հայագետների ՝ «Ծաղկազարդի տոնակատարության հին սովորոյթները, տոնախմբությունները, հատկապես գարնանային եղանակի պաշտամունքը, դարերի ընթացքին մոռացվեցին, և այժմ այդ բոլորից մնաց միայն գեղեցիկ բառը՝ Ծաղկազարդ, որպես բացահայտիչ հին-հին տոնախմբությունների»։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here