Նամակ հղած իսրայելցի մտավորականները միշտ Հայաստանի կողքին են եղել, կասկածում եմ, որ Իսրայելի ԱԳՆ-ն կդիմի Մոսկվային կամ Բաքվին

0
89

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, իսրայելցի թվով 18 գիտնականներ, արվեստագետներ և լրագրողներ նախօրեին բաց նամակով դիմել էին երկրի նորանշանակ արտաքին գործերի նախարար Էլի Կոենին՝ խնդրելով դիմել Ռուսաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին արդեն մեկ ամսից ավել փակված Լաչինի միջանցքը բացելու և հասունացող հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Մեզ համար անակնկալ էր նամակը՝ հաշվի առնելով Իսրայելում առկա տրամադրությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

–Սկսենք նրանից, որ Իսրայելի մամուլը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ գերադասում էր առհասարակ լռել։ Դեկտեմբերի 12-ից ես հետևում էի թե՛ լրատվամիջոցներին, թե հեռուստաալիքներին, անգելերեն ու երբայերեն լեզվով տարածվող ինֆորմացիային, «Jerusalem post»-ին և մյուս ԶԼՄ-ներին։Այս օրերի ընթացքում միայն հունվարի 2-ին «Դավառ ռիշոն» հրապարակեց մի հոդված այդ մասին։ Ընդ որում՝ դա Իսրայելում գոյություն ունեցող միակ ինտերնետային հավելվածն է, որ անդրադարձել է նաև արցախյան 44 պատերազմին, հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ տարբեր փուլերում։Հոդվածագիրը Ուրիել Լևինն է, որին 14 տարի է, ինչ ճանաչում եմ։ Նա նաև հասարակական կազմակերպություն ունի, որը զբաղվում է ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցերով։

Ինչ վերաբերվում է կոչը հղած գիտնականներին, ապա նրանց մեծ մասը այս կամ այն չափով առնչություն ունեն Հայաստանի, հայ ժողովրդի հետ։ Ես ցանկը նայել եմ, գրեթե մեծ մասին անձամբ ճանաչում եմ՝ եբրայական համալսարանի դասախոսներ,հայկական ֆակուլտետի նախկին ղեկավար Մայքլ Սթոնը, ճանաչում եմ բոլոր պրոֆեսորներին, լրագրողներին, որոնք այս նամակը հեղինակել են։ Այսինքն՝ այն մարդիկ են, որոնք մեր հայ ժողովրդի հետ անմիջական առնչություն ունեն։ Այս ցուցակում ամենակարկառուն դեմքը «Հոլոքոսթ» ինստիտուտի, Ցեղասպանության Հանրագիտարանի ղեկավար Իսրայել Չառնին է։ Նա շատ ծանրակշիռ գիտնական է, ամբողջ աշխարհում ցեղասպանագետների մեջ շատ լուրջ կշիռ ունի։ Ցանկում է նաև իսրայելցի հայտնի երաժիշտ Իլյա Մազիան, որը մեր բոլոր միջոցառումների ժամանակ գալիս և հայկական դուդուկ է նվագում։

-Այս բոլորին որևէ մեկը պետք է համախմբեր, ձեր կարծիքով՝ ո՞վ է այստեղ աշխատանք իրականացրել, մեր լոբբիստնե՞րը։

-Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ով է համախմբել։ Բայց քանի որ նրանք մեկը մյուսի հետ կապ ունեն, գուցե խորհրդակցել են։ Ցանկը երբ նայում ես, մեծ մասը հրեական համալսարանի պրոֆեսորներ են, դասախոսներ։

Բայց պետք է նաև նշեմ, որ ինձ մոտ նամակը մեծ ոգևորություն չառաջացրեց այն առումով, որ այս մարդիկ միշտ այս նամակները գրել են։ Առաջին անգամը չէ, որ նրանք նամակներն ուղարկում են Իսրայելի կառավարություն կամ վարչապետերին, Կնեսետ կամ արտաքին գործերի նախարարություն։ 44 օրյա պատերազմի ժամանակ, Հայաստանի որևէ խնդրի դեպքում այս պրոֆեսորները միշտ հավաքվել ու նման նամակով հանդես են եկել։Ինձ համար սա անակնկալ չէ և ես սպասում էի նման նամակի։

-Իսկ դա որևէ ազդեցություն կունենա՞, հատկապես երբ Իսրայելում նոր կառավարություն է ձևավորել։

-Ցավոք սրտի՝ ոչ։ Պարզապես սա ցույց է տալիս, որ հրեա մտավորականությունը, լրագրողները այլ դիրքորոշում ունեն։ Ինչքան էլ որ հրեա քաղաքական գործիչները ծախված լինեն, Բաքվի նավթի բուրմունքը, արբեցուցիչ հոտը գերում է շատ հրեա քաղաքական գործիչների, նվերներ են ստանում, միևնույն է՝ կա նաև այլ լսելի ձայն։ Վերջին օրթոդոքս պատգամավորների ստորագրած նամակն ուղղված Ադրբեջանին շատ զարհուրելի է։ Չգիտեմ՝ ով էր դա կազմակերպել, բայց նրանց մեջ կան մարդիկ,որոնք նույնիսկ չգիտեն, թե քարտեզի վրա Ադրբեջանը որտեղ է։ Կան մի շարք խոշոր ադրբեջանական լոբբիստական կառույցներ, որոնք այնպիսի գումարների են տիրապետում, որ ամբողջ հայկական համայնքը դրա մեկ տոկոսի գումարը չի կարող տիրապետել։ Չպետք է մոռանանք, որ Իսրայելում Բաքվից մոտ 100.000 ընտանիքներ կան խառը բնակվող։ Պատկերացրեք այդ 100.000-ից մի որոշակի մասը կամա թե ակամա Ալիևի կլանի հետ առնչություն ունի։ Հատկապես այն մարդիկ, որոնք ինչ-որ նվաճումների են հասել Իսրայելում, գուցե նաև քաղաքական գործունեություն են իրականացնում։ Պատկերացրեք, թե ինչպիսի հսկայական ռեսուրսի դեմ է այսօր փորձում պայքարել Իսրայելի հայկական համայնքը։ Ինչքան էլ նամակ ուղարկես լրագրողներին, որևէ նամակ, հրապարակում իրենց մամուլի էջերում չեն փակցնի։ Իսկ եթե ուզում ես հոդված պատվիրել, խոսքն այնպիսի գումարների մասին է լինում, որ նույնիսկ մի փոքր հոդվածը կարող է մի քանի հազար դոլար գին ունենալ։ Մենք գերադասում ենք այդ դոլարները հոդվածների վրա ծախսելու փոխարեն, գումարն ուղարկել հայ զինվորներին, դիրքերում մեր տղաներին օգնել կամ որդի կորցրած որևէ ընտանիքի։

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի նոր կառավարությանը, ապա ես խիստ կասկածում եմ,որ նա կդիմի Ռուսաստանին կամ Ադրբեջանին։ Իմ անձնական կարծիքով՝ նրանք նման քայլի չեն գնա։

Աղբյուրը՝  www.1in.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here