Sunday, November 22, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ Երուսաղեմը լքելու իրավունք չունենք․ Իսրայելի հայ համայնքի պայքարը 2000-ամյա ժառանգության համար. «Սփյուռքի...

Երուսաղեմը լքելու իրավունք չունենք․ Իսրայելի հայ համայնքի պայքարը 2000-ամյա ժառանգության համար. «Սփյուռքի ձայնը»

0
87
Երուսաղեմը լքելու իրավունք չունենք․ Իսրայելի հայ համայնքի պայքարը 2000-ամյա ժառանգության համար. «Սփյուռքի ձայնը»

Համահայկական համաժողովներում սովորաբար հնչում են հայրենադարձության կոչեր, սակայն աշխարհում կա մի հայկական համայնք, որի պարագայում տրամաբանությունը հակառակն է։ Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ, «Իսրայելահայերն» ամսագրի խմբագիր և Պետախ Տիկվայի «Նաիրի» միության ղեկավար Արտյոմ Չերնամորյանը համոզված է՝ Սուրբ երկրում հայկական ներկայության պահպանումը համազգային նշանակություն ունի։

«Իսրայելի համայնքը այն եզակի համայնքն է, որտեղ չպետք է աշխատի «Տուն արի» ծրագիրը,- նշում է նա՝ բացատրելով այս պարադոքսը։- Ընդհակառակը, իմ հիմնական նպատակը նոր, թարմ ներուժի ներգրավումն է Իսրայելի հայկական համայնքի հզորացմանը։ Եթե մենք դուրս գանք Երուսաղեմից, վտանգի տակ ենք դնում մեր երկուհազարամյա ժառանգությունը, քանի որ հայերը Քրիստոսի ծննդից առաջ են հայտնվել այս տարածաշրջանում»։

Անսպասելի դաշնակիցները՝ հեռախոսները ձեռքին

Տարածաշրջանային բախումներից ու պատերազմական լարվածությունից զատ՝ Երուսաղեմի հայկական թաղամասը վերջին շրջանում բախվում է արմատական ծայրահեղական խմբերի ճնշումներին ու անհանդուրժողականության դրսևորումներին։ Սակայն այս պատմության մեջ կա մի զարմանալի շրջադարձ․ հայերի պաշտպանությանը կանգնել է հենց իսրայելական հասարակության գիտակից հատվածը։ Երկրում ձևավորվել է հասարակական շարժում՝ Յիսկա Հարանիի գլխավորությամբ։ Շուրջ 140 կամավորներ՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ, ամեն օր միացված հեռախոսներով շրջում են Հայկական թաղամասում՝ արձանագրելու ցանկացած ոտնձգություն։ Հենց նրանց հետևողականության շնորհիվ վերաբացվել է հայ երեխայի՝ Վիլյամի վրա, հարձակման գործը, և իրավախախտը պատասխանատվության է ենթարկվել։

«Սա ամբողջ հրեա ժողովրդի մոտեցումը չէ․ ողջ հրեա ժողովուրդն ու մտավորականությունը փաստացի մեզ են պաշտպանում։ Այս շարժումը վկայում է, որ հրեա մտավորականները չեն կարող աչք փակել հայերի նկատմամբ կարգազանցությունների վրա»,- ընդգծում է Արտյոմ Չերնամորյանը։

«Մատը՝ զարկերակի վրա»․ Սփյուռքի առաքելությունը

Խոսելով Երուսաղեմի «Կովերի պարտեզի» և Պատրիարքության տարածքների շուրջ ընթացող գործընթացների մասին՝ բանախոսը շեշտում է, որ տեղի համայնքի ուժերը բավարար չեն․ անհրաժեշտ է Սփյուռքի համակարգված ուշադրությունն ու աջակցությունը «Փրկենք հայկական համայնքը» շարժման նման անկախ նախաձեռնություններին։

«Պետք է վերցնել խոշորացույց ու հետևել ցանկացած քայլի, ցանկացած դատական որոշման։ Անընդհատ մատը պետք է լինի զարկերակի վրա,- ասում է նա և վստահեցնում, որ չի ընկրկելու։- Ես նույնիսկ եթե իմանամ, որ ամեն ինչ վերջացած է, մինչև վերջ պայքարելու եմ, չեմ հանձնվելու։ Քանի որ գրիչս աշխատում է և կարող եմ ամբողջ աշխարհին օպերատիվ տեղեկություններ հայտնել, շարունակելու եմ պայքարել, որովհետև խոսքը մեր ամբողջ հայկական ժառանգության պահպանությանն է վերաբերում»։

Կամուրջներ դեպի Հայաստան և 1988-ի հիշողությունը

Արտյոմը համոզված է, որ Իսրայելի հայ համայնքը կարող է դառնալ արդյունավետ կամուրջ Հայաստանի համար՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների (օրինակ՝ 3D մոդելավորման) և ժողովրդական դիվանագիտության ոլորտներում։ Նա բարձր է գնահատում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված կապերը՝ միաժամանակ կարևորելով Սփյուռքի մասնագիտական ներուժի առավել ճկուն ներգրավումը համահայկական ծրագրերում։

Նա հիշեցնում է նաև 1988 թվականի երկրաշարժից հետո Իսրայելի ցուցաբերած մարդասիրական աջակցությունը՝ Գյումրիում վերականգնողական կենտրոնի կառուցումն ու հայ երեխաների բուժումը Յաֆոյի հայկական համայնքի հոգածությամբ։ Պատմական այդ փորձն ու Սփյուռքի հավաքական ուժը, ըստ գործչի, լավագույն հիմքն են՝ աշխարհի բարդ կետերում հայկական դիրքերն ամուր պահելու և ուժեղ Հայաստանի կողքին կանգնելու համար։

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրային Ռադիո

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here