Sunday, October 18, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ «Հայաստանից՝ սիրով». Ռաանանայի «Սիմֆոնետ» նվագախմբի համերգը՝ հայկական երաժշտության ջերմ շնչով

«Հայաստանից՝ սիրով». Ռաանանայի «Սիմֆոնետ» նվագախմբի համերգը՝ հայկական երաժշտության ջերմ շնչով

0
120
«Հայաստանից՝ սիրով». Ռաանանայի «Սիմֆոնետ» նվագախմբի համերգը՝ հայկական երաժշտության ջերմ շնչով

Տեսահոլովակի աղբյուրը՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն/The Embassy of Armenia in Israel

Հայաստանի Հանրապետության 35-րդ տարեդարձի նվիրված Ռաանանայի «Սիմֆոնետ» սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը բացեց հայկական երաժշտությանը նվիրված «Հայաստանից՝ սիրով» խորագրով համերգային ծրագրով՝ հրեա ունկնդրին հրավիրելով բացահայտելու հայ ժողովրդի հարուստ երաժշտական ժառանգությունը՝ ժողովրդական ու հոգևոր երգերից մինչև համաշխարհային դասական երաժշտության գանձեր։ Համերգները տեղի ունեցան հոկտեմբերի 12-ից 14-ը՝ Ռաանանայի երաժշտության և արվեստների քաղաքային կենտրոնում։

Բացման խոսքով հանդեց եկավ Ռաանանայի քաղաքապետ Խայիմ Բրոյդան՝ ընդգծելով համերգի մշակութային նշանակությունը։

Համերգին ներկա էր  Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանն։

Ծրագիրը պարզապես դասական երաժշտության երեկո չէր։ Այն երաժշտական ճանապարհորդություն էր դեպի հայկական մշակույթի խորքերը, որտեղ միահյուսվում են դարավոր ավանդույթը, հոգևոր ապրումը, ժողովրդական երգի անմիջականությունը և սիմֆոնիկ երաժշտության հզոր շունչը։ Ինչպես նշել էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դուդու Զևան, այս համերգը հնարավորություն էր հանդիսատեսի առաջ բացելու մի ամբողջ մշակույթի դուռ՝ ներկայացնելով հայկական երաժշտության հին ու նոր, հոգևոր ու աշխարհիկ, ժողովրդական ու սիմֆոնիկ կողմերը։

Հայկական երաժշտությունը՝ որպես մշակութային կամուրջ

Համերգի մասնակիցներն էին դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը, դիրիժորի օգնական Տիրան Նիկողոսյանը և հայաստանաբնակ կամ Հայաստանից ժամանած սոպրանո Իրինա Զաքյանը՝ Ռաանանայի «Սիմֆոնետ» նվագախմբի հետ։ Նրանց մասնակցությունը հայկական երաժշտությանն ուղղված այս ծրագրին հաղորդում էր մասնագիտական և մշակութային առանձնահատուկ նշանակություն։

«Հայաստանից՝ սիրով» խորագիրը խորհրդանշական ուղերձ էր՝ երաժշտության միջոցով Հայաստանը ներկայացնելու իսրայելյան հասարակությանը և ավելի ամրապնդելու երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Հայկական երաժշտությունը, իր հոգևոր խորությամբ, ժողովրդական պարզությամբ և սիմֆոնիկ հզորությամբ, կարող է դառնալ երկխոսության լեզու, որը հասկանալի է նույնիսկ այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են ծանոթանում հայ մշակույթին։

Ռաանանայի «Սիմֆոնետ» նվագախմբի նոր համերգաշրջանի բացումը հայկական երաժշտությանը նվիրելը կարևոր առիթ էր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը շարունակում է ապրել ոչ միայն հայրենիքում, այլև աշխարհի տարբեր բեմերում՝ միավորելով մարդկանց երաժշտության համընդհանուր լեզվով։

Հայկական երաժշտության երեք մեծ անուն

Համերգի առանցքում հայկական դասական երաժշտության երեք նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններն էին՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Երեկոն բացվեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքով», որի հանդիսավոր հնչողությունը հաղորդեց համերգին տոնական տրամադրություն։ Այնուհետև հնչեց Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված ստեղծագործությունը, որը միավորում է կատարողական վիրտուոզությունը, քնարականությունը և հայկական երաժշտությանը բնորոշ արտահայտչականությունը։

Ծրագրի կարևորագույն հատվածներից էին նաև Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից ընտրված հատվածները։ Խաչատրյանի երաժշտությունը, որն արդեն վաղուց դարձել է համաշխարհային սիմֆոնիկ երկացանկի անբաժանելի մասը, հայկական երաժշտական մտածողության ուժն ու ինքնատիպությունը ներկայացրեց միջազգային դասական բեմի լեզվով։

Ժողովրդական երգից մինչև համերգասրահ

Համերգային ծրագրի առանձնահատուկ տեղը պատկանում էր հայկական երգին՝ հոգևոր, գյուղական և քաղաքային երաժշտական ավանդույթներին։ Այս բաժինը հնարավորություն էր տալիս ունկնդրին զգալու, թե ինչպես է հայկական երաժշտական լեզուն ձևավորվել ժողովրդի առօրյայի, հավատքի, պատմական հիշողության և սերունդների փոխանցած երգարվեստի միջոցով։

Ժողովրդական ու հոգևոր երաժշտության համադրությունը սիմֆոնիկ ստեղծագործությունների հետ ծրագրին հաղորդում էր մշակութային ամբողջականություն։ Այն ներկայացնում էր Հայաստանը ոչ միայն որպես մեծ կոմպոզիտորների հայրենիք, այլև որպես կենդանի երաժշտական ավանդույթ ունեցող ժողովուրդ, որի երգը պահպանել է իր ինքնատիպ հնչերանգը՝ անկախ ժամանակներից ու սահմաններից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here