«Խաղիկները» շարունակվում են, բայց Իսրայելն Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ գործողության չի գնա՝ ԵՄ դիտորդները զսպիչ հանգամանք են

0
114

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենն է Բաքվում։ Նա հայտարարել էր, որ այցի նպատակը միասնական ճակատի ձևավորումն է ընդհանուր մարտահրավերների դեմ։ Արդյոք Ադրբեջանը կհամաձայնի այդ ճակատի մաս կազմել, ի՞նչ զարգացումներ են սպասվում։

-Սա շատ բարդ հարց է։ Հասկանալի է, որ Իսրայելը միայնակ չի կարող առճակատման գնալ Իրանի դեմ։ Իրանը պատերազմում թրծված պետություն է, ունի իր հեղափոխության պաշտպանները, հատուկ ստորաբաժանումներ։ Իսրայելն էլ Ֆ- 35 ինքնաթիռներ ունի, որն իրենից բացի միայն ԱՄՆ-ն ունի,  բայց   նկատի ունենանք, որ միայն ռմբահարելով, հրթիռների միջոցով հնարավոր չէ հաղթել պետությանը։ Պետք է նաև զորքեր մտնեն կոնկրետ տարածքներ, որ այդ  պետությանը  կարողանաս ջախջախել։ Իրանի ձեռքերը շատ երկար են, այստեղ «Հեզբոլլահն է», Լիբանանում կա պաղեստինյան Գազայի գոտին, «Համմասը», տարբեր մեծ ու փոքր խմբավորումներ,որոնք  կարող են հրթիռահարումներ սկսել Իսրայելի ողջ տարածքի վրա։ Մինչև օրս Նաթանյահուին ԱՄՆ նախագահը չի ընդունել, հայտնի էլ չէ՝ արդյոք երբևէ  կընդունի։ Սակայն այդ  այցը Նաթանյահուի  կոալիցիայի համար կարևոր է, որովհետև նա ուզում է Բայդենի աջակցությունը  ստանալ Իրանի նկատմամբ Ադրբեջանի տարածքից գործողություններ սկսելու համար։

Այս փուլում Իսրայելում  նոր քաղաքական սկանդալ է հասունանում, ոչ պակաս կարևոր քան ռեֆորմներն են։ Խոսքը կոալիցիոն այն համաձայնագրի մասին է, որ ուլտրա օրթոդոքսները չեն գնալու բանակ, ծառայելու են միայն սովորական քաղաքացիները, ոչ կրոնականները։ Սա հսկայական բաժանում կմտցնի Իսրայելի հասարակության  մեջ։ Մեկը, ով  ծնվել է  օրթոդոքս ընտանիքում, համարում է, որ Աստծուն ծառայելը ավելի կարևոր է, քան իր պետությանը։ Մյուսը, ով  վճարում է աշխարհում ամենաբարձր հարկը,  պետք է իր երեխային ուղարկի պաղեստինցիների դեմ կռվելու։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս  այցին, ապա կարող ենք նշել, որ շարունակվում են Ադրբեջան-Իսրայել խաղիկները, հաճոյախոսությունները։ Չմոռանանք, որ մինչ օրս  Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը չի բացվել։ Տարբեր մուսուլմանական երկրների հետ հանդիպումներում Ադրբեջանը չի նշում, որ դեսպանատուն ունի Իսրայելում, իսկ ահա Պաղեստինում Ադրբեջանի հյուպատոսարանը գործում է։ Իսկ Իսրայելում առանց կարմիր ժապավենի կտրելու մի արարողություն արեցին, բայց մինչ օրս ոչ դեսպանատուն ունեն, ոչ էլ դեսպանի երեսն են մարդիկ տեսել։

-Ի՞նչ եք կարծում ռեալ է հիմա համատեղ ճակատով Իրանի դեմ գործողություններ սկսելը։

-Եթե Իրանի  վրա հարվածներ հասցվեն, տրամաբանական է, որ առաջինը կթիրախավորվեն ադրբեջանական այն տարածքները, որտեղից այդ հարվածները հասցվում են։ Իրանն էլ շատ մեծ հնարավորություն ունի հրթիռներով հարվածելու․ երբ Գազայի գոտուց Իսրայելի հարավային շրջանների  վրա հարվածներ են հասցվում, մարդիկ  ընդամենը 40 վայրկյան ժամանակ ունեն  պատսպարվելու համար կամ, որ  ՀՕՊ-ը խփի այդ հրթիռները։ Հրեական հետախուզական  արբանյակները  շատ են, դրանք կարող են անմիջապես ֆիքսել հրթիռները ու դեռ Իսրայել չհասած խոցվեն օդում։

Պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում էսկալացիա պետք չէ ո՛չ Եվրոպային,  ոչ էլ ԱՄՆ-ին։ Դուք գիտեք, որ Եվրոպան հանդես է գալիս միջուկային համաձայնագիր կնքելու  օգտին, չի ցանկանում, որ մարդիկ հնարավոր ռազմական գորոծղությունների արդյունքում փախնեն ԵՄ երկրներ։ Այս պատերազմը միայն Ռուսաստանին կարող է ձեռնտու լինել, որ Եվրոպայի ուշադրությունը շեղեն  Մերձավոր Արևելք ու Կովկաս, որ ուկրաինական բանակին աջակցությունը փոքրանա, սկսեն Իսրայելին օգնել։ Բացի այդ՝ բավականին նոսրացել է արևմտյան պետությունների սպառազինությունը, հնարավոր չէ այդքան մեծ քանակություն արտադրել։ Այս խաղերը՝ գնալ-գալը, փորձել ուղիներ գտնելը,արևմտյան  պետություններին դուր չի գալիս։ Ըստ իս՝  ռազմական գործողություն այս պահին չեն անի, Իսրայելում քաղաքական վիճակն էլ ավելի է վատանում։ Հունվարին մի քանի ամերիկյան զորքերի հետ միասնական վարժանքներ իրականացրեին, բայց բանը դրանից չանցավ։ ԱՄՆ-ն չի խրախուսում նոր պատերազմի սանձահարումը Մերձավոր Արևելքում։

Ես 20 տարի  է ապրում եմ Իսրայելում,  երկրորդ լիբանանյան պատերազմն եմ տեսել, հակաահաբեկչական բազմաթիվ ռազմական օպերացիաներ։ Ամենավերջին ռազմական օպերացիան, որը 50 օր տևեց, ցույց տվեց, որ Իսրայելը այդքան  ռեսուրսներ չունի, որ կարողանա այդքան հրթիռ խոցել։ Իհարկե Իսրայելը շատ պաշտպանված պետություն է, նույնիսկ 60-70 ականներին կառուցված շենքերը ռմբաապաստարաններ ունեն։ Մարդիկ կարող են այնտեղ անցկացնել ժամանակը մինչև հրթիռահարումները ավարտվեն։ Յուրաքանչյուր տան որևէ  սենյակ հատուկ ռմբաաստարան է՝ ամուր պատուհաններով ու դռներով։ Ինչքան էլ Իսրայելն ունենա   բարձրագույն տեխնոլոգիաներ,զենքի քանակությունն էլ մեծ նշանակություն ունի։ Չեմ կարծում, թե  մեկ ամսից ավել կարող է դիմանալ, պետք է դիմի ԱՄՆ-ին, որ իր ռազմական արսենալը համալրի, իսկ ԱՄՆ-ն իր պահեստները բացել է ուկրաինական բանակի համար, արդյոք Իսրայելին կօգնի բացել երկրորդ ճակատ, ես խիստ կասկածում եմ։

-Հասկանալի է, որ Իսրայելի հիմնական թիրախն Իրանն է, իսկ արդյոք այս շփումները չեն կարող նաև ընդդեմ Հայաստանի լինել։

-Չեմ կարծում, որ Իսրայելը նպատակ ունի Հայաստանի դեմ ինչ-որ գործողություն անել։ Նրա նպատակը Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանին լրտեսելու ու իր հետախուզական աշխատանքն իրականացնելու համար։ Այդ նպատակին նա հասել է։ Այն դեպքում, երբ Հայաստանում կանգնած են արևտյան դիտորդերը, Իսրայելը չի կարող նման քայլ ձեռնարկել , այստեղ բախվում է ողջ Եվրոպայի, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ։ Իհարկե Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակվում է, տնտեսական հարաբերությունները զարգացնում են,երկկողմ  չվերթներն էլ ավելացել են,  շատ  հրեաներ սկսել են Ադրբեջան մեկնել զբոսաշրջության նպատակով։ Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը, սակայն, ժամանակ առ ժամանակ հնչեցնում է այն պետությունների ցանկը, ուր զբոսաշրջության նպատակով գնալը վտանգավոր է։ Վերջերս այդ պետությունների ցանկում էր նաև Ադրբեջանը։ Դուք գիտեք, որ  հիմա Սուրբ Ռամադանի ամիսն է: Այս պարագայում Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարում է, որ չի խրախուսվում մուսուլմանական երկրներ ճանապարհորդել։ Դա չի խանգարում, սակայն, որ հրեաները  հանգստի նպատակով, օրինակ, Դուբայ գնան։

Աղբյուրը՝ 1in.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here