Ապրիլի 9 -ին անցկացվելիք Քնեսետի արտահերթ ընտրություններից հայկական համայնքն առանձնակի սպասելիքներ չունի

0
619
2018 ՏԻՄ ընտրություններ, Պետախ Տիկվա արխիվ

Ապրիլի 9 –ին Իսրայելում անցկացվելու են  21-րդ գումարման խորհրդարանական ընտրություններն,  որին մասնակցելու են 6.339.729 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի: Այս ընտրություններին ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների  մասնակցելու է 43 կուսակցություն, որոնք մանդատ կստանան, եթե հաղթահարեն 3.25 տասնորդական տոկոս շեմը:  Այսօր արդեն Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելել է ընտրարշավի շրջանակներում սոցհարցումների հրապարակումներն, իսկ երկու օրից արդեն լռության օր կհայտարարվի, չնայած պետք է փաստել, որ լռության օրն էլ տասնյակ ՍՄՍ հաղորդագրություններ են ստանում մարդիկ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու համար: Հետաքրքիրն այն է, որ ըստ Իսրայելի օրենքների օտարերկրյա դիտորդների մուտքը արգելված է, ովքեր կարող են հետևել ընտրությունների ընթացքին: Իսրայելում թե ՏԻՄ ընտրություններն և թե Քնեսետի ընտրություններն իրենց առանձնահատկություններն ունեն ու ցավոք սրտի ընտրատեղամասերում բազմաթիվ ընտրախախտումների կարելի է հանդիպել, որոնցից ամենատարածվածը դպրոցականների շատ ագրեսիվ կերպով քո ընտրության ուղղորդումն է, ընդ որում այս տարբերակն օգտագործվում է ոչ միայն կառավարող ու կոալիցիոն կուսակցությունների, այլև ընդդիմադիրների կողմից ու ոչ մեկը մինչև օրս չի պատժվել: Բացի դպրոցականներից նաև թոշակառուներ են նստած ընտրատեղամասերի դիմաց, կուսակցությունների լոզունգներով ու պաստառներով և  իրենց թեկնածուի քվեաթերթիկն են քեզ առաջարկում և հորդորում ճիշտ ընտրություն կատարել: Ինչևէ արդեն հասցրել ենք ներկայացնել «Հայ Դատի» գրասենյակի դիրքորոշումը խորհրդարանական ընտրությունների հետ կապված ու մեծամասամբ Երուսաղեմահայերն իրենց ձայնը տալու են ձախակողմյան «Մերեց» կուսակցության օգտին, որը հայտնի չէ թե այս անգամ կհաղթահարի անցողիկ շեմը թե ոչ: Երկրի կենտրոնում և հյուսիսում այլ է պատկերը: Հայերի շրջանում մեծամասամբ անտարբերության և ընտրությունների նկատմամբ որևէ հավատ և սպասելիքներ չունենալու տրամադրություններն են գերիշխողը նաև մարդիկ լուրջ    դժվարության առաջ են կանգնելու ապրիլի 9-ին առավոտյան ժամը 8:00 – ին բացված ընտրատեղամասերում, երբ առանձնանալով քվեախցում պետք է ընտրություն կատարեն 43 կուսակցության միջև: Չնայած կարելի է ասել, որ հիմնական պայքարն այսօր ընթանում է կառավարող «Լիքուդ»-ի ու նոր ձևավորված ընդդիմադիր «Կախոլ լավան» կուսակցության միջև, որն ղեկավարում է բանակի նախկին շտաբի պետ, գեներալ Բենի Գանցն, որը միավորված կուսակցություն է ստեղծել ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ: Ի դեպ նախավերջին քննարկումը Քնեսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված հենց Լապիդն էր կազմակերպել ու անցյալ տարի փետրվարին «Հայոց Ցեղասպանության հիշատակի օր» խորագրով օրինագծի օգտին 28 պատգամավոր կողմ քվեարկեց և պետք է փաստել, որ երբևէ 28 պատգամավոր  մեր օգտին չեր քվեարկել, նույնիսկ նախորդ տարիներին հարցը օրակարգում ընդգրկելու ժամանակ, սակայն ասել, որ այժմ հայկական համայնքը կքվեարկի այս ընդդիմադիր ուժի համար դժվար է ասել:

Տեղափոխվենք երկրի հյուսիսային մայրաքաղաք Հայֆա, որի  դաշնակցական «Արարատ» ակումբի ատենապետ Երեմ Լափաջյանն է զրուցակիցս: – Մեր ձայնը տալու ենք ձախակողմյան «Մերեց» կուսակցությանը: Համայնքը փոքր է և գուցե դրանով է պայմանավորված, որ կուսակցությունները մեր հետ առանձին հանդիպում չունեցան, ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ,- պարզաբանեց պարոն Լափաջյանը: 100 ձայն դաշնակցականները տալու են «Մերեցին»:

Հայֆայաբնակ կոմպոզիտոր, Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի փոխանցմամբ հայկական համայնքն որևէ վստահություն գործող իշխանության նկատմամաբ չունի, որով պայմանավորված բաձարձակ անտարբեր է ու սպասելիքներ էլ չունի իշխանական աթոռին տարբեր տրամաչափի մեխերով մեխված ու իր պաշտոնին մնալու համար տարբեր սատանայական հնարքների դիմած Նեթանյահուին:

– Ինչ վերաբերում է կաշառակերության կասկածանքով վարչապետի դեմ կատարվող հետաքննության, ապա այն ժամանակավոր դադարեցվել է՝ ընտրությունները չխանգարելու համար՝ գրված էր մամուլում, – տեղեկացրեց պարոն Ասլանյանը:

Տեղափոխվենք երկրի կենտրոն ու զրուցենք նաև Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունների հիմնադիր անդամների հետ: Զրուցակիցս «Նոյան Տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանն է:

– Որևէ սպասելիքներ չունեմ և չեմ մասնակցելու այս ընտրություններին, – ասաց պարոն Գալֆայանը: ՏԻՄ ընտրություններին ավելի ակտիվ են հայկական կազմակերպությունները  ու քարոզարշավ իրականացնում, քանզի  ավելի քան տաս տարի համագործակցում են Պետախ Տիկվայի քաղաքապետարանի հետ:

Պետախ Տիկվայի «Նաիրի» միության հիմնադիր կազմի  անդամ Կարեն Հարությունյանն օրինակ կողմնորոշվել է և որպես Իսրայելի քաղաքացի իր ձայնը Նեթանյահուին է տալու, քանզի վարչապետը միջազգային լուրջ ճանաչում ունի և չկա որևէ մեկն, որ ունենա նման միջազգային վարքանիշ բոլոր խոշոր երկրների նախագահների շրջանում:

Պարոն Հարությունյանը համոզված է, որ որևէ կուսակցություն չի փոխելու հայերի կյանքը դեպի լավն, ուստի իր ձայնը տալու է աջակողմյան կառավարող «Լիքուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուին:

«Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ Տիգրան Մամաջանյանն այլ մոտեցում ունի:

– Ես որպես Իսրայելի քաղաքացի, 23 տարի ապրում եմ Իսրայելում, և մինչև օրս չենք տեսել մի կառավարություն, որը զգալի բարելավեր մեր տնտեսական իրավիճակը:

Դեռ չի կողմնորոշվել և մեծ հավանականությամբ այս անգամ չմասնակցի ընտրություններին, քանի որ չի հավատում որ որևէ կուսակցություն ընտրություններից հետո կբարելավի նաև հարաբերությունները Հայաստանի հետ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here