Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նամակն Իսրայելի վարչապետ Նեթանյահուին (հայերեն)

0
321

Նորին Գերազանցություն Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ

Երուսաղեմ

Հարգելի վարչապետ Նեթանյահու,

Իսրայել պետությունը պաշտոնապես ստեղծվել է Իսրայելի Անկախության հռչակագրով 1948 թվականի մայիսի 14-ին և դարձել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ 1949 թվականի մայիսի 11-ին: Մեր պետությունը, որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ, ստորագրել է այս միջազգային կազմակերպության բոլոր համաձայնագրերը։ Վստահորեն մենք հարգում ենք միջազգային օրենքներն և մարդու իրավունքները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է համայն մարդկության արժանապատվության, հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ հիմք հանդիսանալով աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հաստատման համար։ Անկախ բնակության վայրից, բոլոր մարդիկ ունեն մարդու իրավունքների և արժանապատվության իրավունք, և նրանց պետք է վերաբերվել հարգանքով և հոգատարությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմ է։ Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով ամբողջական պաշարման անտանելի պայմաններում։

Պարոն վարչապետ, թույլ տվեք ներկայացնել այն իրադարձությունները, փաստերն ու թվերը, որոնք նկարագրում են շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները։

Նոյեմբերի 9, 2020թ․ – Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որի 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, պետք է մնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ»:

Դեկտեմբերի 12, 2022թ․ – Ադրբեջանը բնապահպանական մտահոգությունների կեղծ պատրվակով արգելափակում է Լաչինի միջանցքը։ Այդ ժամանակից ի վեր, ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործումը հանգեցրել է սննդի սուր անբավարարության և խանութների փակման։ Մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա ամենօրյա առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ներկայումս առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ ալյուրի, շաքարավազի, ինչպես նաև դեղորայքի, վառելիքի և այլնի խիստ պակաս: Երեխաների համար անհրաժեշտ սննդային հիմնական չափանիշները չեն պահպանվում:

Ավելին, վառելիքի բացակայության և Ադրբեջանի կողմից գյուղացիական տնտեսությունների աշխատողների թիրախավորման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները դադարեցվել են։ Արդյունքում՝ շփման գծին հարակից մոտ 10․000 հա հողատարածք մնացել է անմշակ։

Դեկտեմբերի 20, 2022թ․ – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկեց այս հարցը, և խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը կոչ արեց Ադրբեջանին վերացնել շրջափակումը։

2022 թ․ դեկտեմբերից պարբերաբար և 2023 թ․ մարտից ամբողջությամբ (ընդհանուր առմամբ մոտ 180 օր) Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումը։ Գազամատակարարման դադարեցումն արդեն հանգեցրել է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են՝ 1) հիվանդանոցների բնականոն աշխատանքի խաթարումը, 2) դպրոցներում ու մանկապարտեզներում կրթական գործընթացի դադարեցումը, 3) կենսական կարևորություն ունեցող հաստատությունների և սոցիալական ծառայությունների աշխատանքի խաթարումը, 4) բնակիչների տները ջեռուցելու անհնարինությունը, 5) տաք ջրի բացակայությունը 6) տրանսպորտային միջոցների համար վառելիքի պակասը և այլն:

2023 թ․ հունվարի 9-ից (այժմ՝ ավելի քան 210 օր) – Ադրբեջանը խափանել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գործող միակ բարձրավոլտ գծի միջոցով։ Այդ ժամանակվանից, հենվելով էլեկտրաէներգիայի տեղական սահմանափակ ռեսուրսների վրա՝ Լեռնային Ղարաբաղն իրականացրել է շարժական էլեկտրաէներգիայի անջատումներ՝ ընդամենը մի քանի ժամ էներգիայի մատակարարմամբ:

Փետրվարի 22, 2023թ․ – Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել՝ Ադրբեջանին պարտադրելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ապրիլի 23, 2023թ․ – Ադրբեջանը, խախտելով ԱՄԴ-ի որոշումը և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։

Հունիսի 15, 2023թ․ – Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ արգելելով ցանկացած մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվող մարդասիրական օգնությունը։

Հուլիսի 6, 2023թ․ – Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց ժամանակավոր միջոց կիրառելու 2023թ․ փետրվարի 22-ի իր որոշումը։

Հուլիսի 25, 2023թ․ – ԿԽՄԿ՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 տարի, հայտարարում է. «Չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ն ներկայումս չի կարողանում Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը»:

Հուլիսի 26, 2023թ․ – Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական ավտոշարասյուն է ուղարկում, որն այս պահի դրությամբ գտնվում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Ադրբեջանն արգելում է մարդասիրական ավտոշարասյան մուտքը։

Օգոստոսի 2, 2023թ․ – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ կողմերը պետք է կատարեն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ին կայացված և հուլիսի 6-ին վերահաստատված կարգադրությունները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու հետ: Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում «շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավոր մարդկանց»:

Օգոստոսի 7, 2023 թ․ – ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մի խումբ փորձագետներ, այդ թվում սննդի և կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողները, տարեցների իրավունքների հարցերով անկախ փորձագետը և հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը ահազանգել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված սարսափելի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը «հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է սննդի, դեղորայքի եւ հիգիենայի միջոցների սուր պակասի, ազդել է բժշկական եւ կրթական հաստատությունների աշխատանքի վրա, վտանգել է մարդկանց, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղիների և հիվանդների կյանքը»:

Ընդհանուր առմամբ, շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում տնտեսական ակտիվություն չկա։ Հազարավոր մարդիկ մնացել են գործազուրկ, քանի որ գործատուները չեն կարողանում աշխատավարձեր վճարել։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք փող ունեն, չեն կարողանում ոչինչ գնել, քանի որ խանութները դատարկ են։ Կանայք, երեխաները և տարեցները երկար հերթեր են կանգնում, որպեսզի կարողանան հաց կամ միրգ ու բանջարեղեն գնել: Մեր հասարակության ամենախոցելի խավը ստիպված է տասնյակ կիլոմետրեր ոտքով անցնել՝ դատարկ խանութներ ու դեղատներ հասնելու համար։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դիմել են պարենային ապրանքների մի մասը կտրոններով տրամադրելու միջոցին, այդ թվում հաց, բրինձ, շաքարավազ և այլն: Սովը համատարած է, և արդեն գրանցվել են սովից մահացության դեպքեր:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Պետախ Տիկվայի հայերի «Նաիրի» միությունն անխոնջ աշխատել է՝ ամրապնդելով հայ և հրեական համայնքների միջև ամուր կապը: Պետախ Տիկվայի քաղաքապետարանի կողմից աջակցություն ստացած այս համագործակցությունը մեծ դեր է ունեցել մշակութային տարանջատումների վերացման և տևական կապերի ստեղծման գործում։

Ինչպես գիտենք, հայ ժողովուրդն ունի հարուստ պատմություն, և պետք չէ թերագնահատել այն մարտահրավերները, որոնց նա բախվել է: Ես հասկացել եմ, որ մեր ընդհանուր մարդասիրությունն ազգություն կամ էթնիկ պատկանելություն չի ճանաչում․ ճշմարտություն, որն ամրապնդվում է իմ ընտանիքի պատմությամբ: Պապս՝ Պետրոս Չերնամորյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վտանգի է ենթարկել իր անվտանգությունը՝ փրկելու տատիս՝ Սոֆյա Յակով Բարիմին։ Սա վկայում է այն մասին, որ կարեկցանքը սահմաններ կամ նախապատմություն չի ճանաչում: Հենց այս ոգով է, որ ես պարտավորված եմ զգում անդրադառնալ ինձ խորապես հուզող հարցին։

Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին և նույնը պահանջել մյուս ազգերից: Իսրայելի պատմությունը տոկունության և արդարության վկայություն է: Այնուամենայնիվ, Ադրբեջանի հետ զենքի գործարքների մասին հաղորդումները խիստ մտահոգիչ են։ Մենք չենք կարող և չպետք է մեղսակից լինենք տառապանքն ու անարդարությունը հավերժացնող գործողություններին: Սույնով պահանջում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անմեղ քաղաքացիների անունից օգտագործեք Ձեր ամբողջ ազդեցությունն ու իշխանությունը՝ միջամտելու այս հարցի կարգավորմանը։ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ վերացվի, և մարդասիրական օգնության անարգել մուտքը վերականգնվի։ Սա միայն մարդկային պարկեշտության խնդիր չէ, այլ բարոյական պարտավորություն, որից մենք չենք կարող խուսափել:

Հեգնական է, որ չնայած մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, միաժամանակ աջակցում ենք մի ռեժիմի, որը զբաղվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Զենքի վաճառքը, որը նպաստում է մարդկանց տառապանքի, վիրավորում է մեր սկզբունքները: Դուք, որպես հրեա ազգի առաջնորդ, վճռական դիրքորոշում պետք է ցուցաբերեք նման գործողությունների դեմ։

Ուզում եմ հավատալ, որ Իսրայելը և Ձեր կառավարությունը կկանխեն Հայոց նոր ցեղասպանությունը։ Իսրայելն այս ռեժիմին զենք է վաճառում՝ օգտագործելու Հայաստանի դեմ, որը ժողովրդավարական երկիր է և աշխարհի հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկը։

Ուզում եմ աղոթել, որ Դուք լինեք միակ քաղաքական առաջնորդը, ինչպես նաև մեր պետության ղեկավարը, ով կարող է բացել Լաչինի միջանցքը և 120․000 հայի փրկել սովից։

Խնդրում եմ Ձեզ՝ լինել արդարության ձայնը ոչ միայն հայ ժողովրդի, այլ համամարդկային սկզբունքների համար, որոնք թանկ են մեզ համար: Պահանջում եմ անհապաղ դիմել նախագահ Ալիևին և պահանջել Լաչինի միջանցքի բացումը։ Պնդում եմ, որ Դուք պետք է օգտագործեք Ձեզ տրված լիազորությունները՝ կանխելու կյանքերի հետագա կորուստները և թեթևացնել այն մարդկանց տառապանքը, ովքեր ներկայումս գտնվում են անարդար շրջափակմանան մեջ:

Դիվանագիտական լեզվի ու զգուշավոր քայլերի ժամանակն անցել է։ Մենք պահանջում ենք հստակ գործողություններ, արդարություն և մեր սկզբունքներին հավատարմություն։ Որպես Իսրայել պետության ներկայացուցիչներ մեր բարոյական պարտքն է՝ հասնել արդարության հաղթանակին և պաշտպանել անմեղ մարդկանց կյանքը:

Ես ակնկալում եմ արագ արձագանք, որը կնախանշի այն գործողությունները, որոնք Դուք ձեռնարկելու եք այս ճգնաժամը լուծելու համար: Մեր ակնկալիքները հիմնված են այն արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք, և պահանջում ենք, որ այդ արժեքները վերածվեն շոշափելի գործողությունների։

Հարգանքով՝

Արտյոմ Չերնամորյան

08 սեպտեմբերի, 2023 թ․

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here