«Իսրայել – Հայաստան» առևտրա – արդյունաբերական պալատը խոստանում է շտկել Հայաստանի և Իսրայելի միջև դրամաշրջանառության անմխիթար վիճակը

0
701
Եվրասիական լոգիստիկ պարկի հավելվածը
Եվրասիական լոգիստիկ պարկի հավելվածը

Օգոստոսի 29 – ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել և ընդունել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը: 2019թ.-ի հունվարի մեկից ուժի մեջ մտավ անցյալ տարի երկուստեք՝ Հայաստանի ու Իսրայելի կառավարությունների միջև ստորագրված միջպետական համաձայնագիրը կրկնակի եկամտահարկի չգանձման մասին: Հայաստանի կառավարությունն էլ որոշել է մինչև տարեվերջ կամ մյուս տարվա ձմռանը դեսպանատուն բացել Իսրայելում: Կան ուղիղ ավիաչվերթներ առավել քան 2 տարի ու կարծես թե ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ հայ-հրեական գործարար հարաբերությունները զարգացնելու համար, այն դեպքում երբ այս երկու հինավուրց ազգերն ավելի քան 2000 տարի իրար հետ առևտուր են արել:

Սակայն մինչ տնտեսական հարաբերությունների ու կոնկրետ տնտեսության  ճյուղերի զարգացման հեռանկարներին անդրադառնալը խոսենք թվերով՝ հասկանալու համար թե ներկրման ու արտահանման ինչ ծավալներ են գրանցվել Իսրայելում Հայաստանի հետ կապված: Իսրայելի պետական վիճակագրական վարչությունից վերցրեցինք վերջին 2017 և 2018թթ. – ի և 2019թ. – ի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում  ներկրման ու արտահանման թվերը: Այսպես 2017թ.- ին Հայաստանից ներմուծվել է մոտ 1 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքներ, 2018- ին 1.3 տասնորդական մլն. դոլարի, իսկ 2019թ.- ի հունվարից մինչև օգոստոս ամիսներին 1.1 տասնորդական միլիոն դոլար: Արտահանման թվերն էլ շատ չեն տարբերվում: 2017թ.-ին –  1.8 տասնորդական մլն.,  2018 –ին –  2.7 տասնորդական մլն. և  2019 – ի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում  –  0.1 տասնորդական   մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքներ: Հեղափոխությունից հետո թվերը ցույց են տալիս, որ դրական տեղաշարժեր կան: Ի դեպ այս թվերը չեն վերաբերում ադամանդի վերամշակմանը Հայաստանում: Արդարության դիմաց չմեղանչելով փաստենք, որ Իսրայելում աշխատող փոքրիկ խանութն ավելի շատ տարեկան դրամաշրջանառություն է ապահովում քան այս երկու պետությունների արտահանման ու ներկրման հանրագումարը ու գործարարներին սա չի բավարարում:

– Արդեն երկու երկրների դրամաշրջանառության ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը զարկ տալու բոլոր նախադրյալները ստեղծվել են, օրեր առաջ մինչ Հայաստան մեկնելը մեր ռադիոկայանին փոխանցեց «Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ, իրավաբան ու գործարար Ցվի Կանտորը: Նա դեռ չի վերադարձել Հայաստանից ու Երևանում բանակցություններ է անցկացնում տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Գյումրիի ազատ տնտեսական գոտում լոգիստիկ աշխատանքները կազմակերպելու համար: Սա նրա վերջին 5 տարվա ընթացքում 8 – րդ այցն է Հայաստան:  Հիշեցնենք, որ «Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատը նախատեսում է մոտ 120 մլն. Եվրոյի ներդրում բերել Գյումրի ու ավելի քան 10.000 աշխատատեղ ստեղծել: Զրուցակցիս հետ խոսեցինք դրամաշրջանառության ցածր մակարդակի, շատ դեպքերում հրեա գործարարների Հայաստանի վերաբերյալ անտեղյակության և անտարբերության մասին:

– Մինչև օրս հրեական կազմակերպություններն այդքան էլ չէին հետաքրքրված Հայաստանով, քանզի չկար կրկնակի չհարկման մասին պայմանագիրը, Հայաստանը փոքր երկիր է՝ իր փոքր շուկայով և առաջնահերթությունը ցածր մակարդակի վրա էր: Այժմ կամաց – կամաց իրավիճակը փոխվում է, – ասաց պարոն Կանտորը:

– Երբ Հայաստանում, մասնավորաբար Գյումրիում սկսի գործել ազատ տնտեսական գոտին, ապա շատ հրեական կազմակերպությունների համար տեղ կբացվի այնտեղ իրենց գործունեությունը ծավալելու համար: Ավելի հեշտ կլինի գալ Հայաստան ու ոչ միայն ներդրումներ անել Հայաստանում, այլև երբ կսկսի գործել Գյումրու ազատ տնտեսական գոտին, ապա այն կվերածվի նաև հրեական ապրանքների պահեստի Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու համար – կարծիք հայտնեց «Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիր նախագահը:

– Բարեբախտաբար այժմ բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական միության և Իսրայելի միջև ազատ առևտրի պայմանագրի ստորագրման ուղղությամբ ու Հայաստանն այդ միության անդամ է ու ես հույսով եմ, որ 2020-2021 կամ 2021-2022 թվականներին այդ պայմանագիրը կստորագրվի ու այն ժամանակ Գյումրիում բոլոր նախադրյալները ստեղծված կլինեն հրեական կազմակերպությունների Հայաստան գալու համար, – ավելացրեց նա:

Դրական է շատ համարում Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումն, որը նպաստելու է ոչ միայն դիվանագիտական այլև տնտեսկան և մշակույթային հարաբերությունների զարգացմանը: Հատկապես տնտեսական հարաբերությունների խթանումը կստիպի հրեական պետությանը փոխել այսպես ասած «նախընտրելիության» աստիճանն ու նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում, –  համոզված է զրուցակիցս:

Թվարկեցի մի շարք ոլորտներ, որոնց նա ավելացրեց մաթեմատիկայի ալգորիթմների և ֆիզիկայի ոլորտում գիտահետազոտական մակարդակով համագործակցությունը, բազմաթիվ այլ ճյուղեր, բայց՝

– Գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և Եվրասիական երկրներ: Հայաստանը հրեական կազմակերպությունների համար կարող է դառնալ հիմնական բազան՝ իր ապրանքները Եվրասիական տնտեսական միության 200 միլիոն բնակիչ ունեցող շուկայում վաճառելու համար ու եթե Հայաստանը կարողանա միայն այդ բազան ստեղծել, ապա երկուստեք փոխհամագործակցության  խթանման համար չափազանց  լավ պայմաններ կլինին, –  եզրափակեց իր խոսքը հրեա գործարարը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here