Իսրայելում պետք է ստեղծել հայկական մշակութային կենտրոն, ասում է Արմեն Սարգսյանը

0
328
Լուսանկարում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հիշելով Հոլոքոստը, պայքարելով ընդդեմ հակասեմիթականության» խորագրով համաժողովին, 23 հունվարի, 2020թ.
Լուսանկարում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հիշելով Հոլոքոստը, պայքարելով ընդդեմ հակասեմիթականության» խորագրով համաժողովին, 23 հունվարի, 2020թ.

Իսրայելում պետք է ստեղծել հայկական մշակութային կենտրոն, այսպիսի կարծիք հայտնեց Իսրայել աշխատանքային այց ունեցած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հունվարի 23-ին Իսրայելում անցկացված «Հիշելով Հոլոքոստը, պայքարելով ընդդեմ հակասեմիթականության» խորագրով համաժողովին մասնակցած ու այնուհետև տարբեր կառավարական ու դիվանագիտական հանդիպումներ ունեցած նախագահ Սարգսյանը, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հայոց պատրիարքարանի Լուսարարապետ գերաշնորհ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ խոսելով հայկական մշակույթի մասին, կարևորել էր տեղում հայկական մշակութային կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նա նկատեց. – «Հայկական մշակույթը վաղուց արդեն, դարեր է, որ այստեղ կա, գուցե հազարամյակ, գուցե 2, և հայկական մշակույթն արդեն ներկայացված է: Բավական է որևէ անձ այցելի հայկական հատվածը, այսպես ասած, հին քաղաքի, պետք է կույր լինես, որ հայկական մշակույթը չտեսնես, պետք է կույր լինես, որ հայկական ձայնն ու աղոթքը չլսես»:

Միաժամանակ Երուսաղեմը դարպասներ է դեպի Հայաստան, և շատերն, ովքեր չգիտեն Հայաստանի մասին, հայտնաբերում են հայկական Երուսաղեմի ճանապարհով. – «Այնպես որ, մեր ներկայությունն այս երկրում պետք է լինի դիվանագիտական, հիմա մենք ունենք նոր դեսպան, խոսակցությունը գնում է, որ դեսպանություն բացվի, խոսվում է, և ես ինքս խոսում եմ տեխնիկական և համալսարանական համագործակցության մասին, որ համարում եմ շատ էական, որովհետև Իսրայելը բարձր տեխնոլոգիաների երկիր է, իսկ Հայաստանը պետք է դառնա աշխարհի լավագույն բարձր տեխնոլգիաների երկիրը», – նշեց նա:

Ինչ վերաբերում է մշակութային կապերին, ապա նա ասաց` այժմ դժվար է ասել` այդ կենտրոնը Երուսաղեմում կբացվի, թե Թել Ավիվում. – «Ժամանակի խնդիր է, որովհետև մենք իրականում դարերով մեր մշակույթով ներկա ենք եղել, և մեր ներկայությունը պետք է ամրապնդենք»:

Անցած տարի պատրիարքի անմիջական նախաձեռնությամբ ու հովանու ներքո Երուսաղեմի բոլոր կազմակերպություններից ու միություններից ընտրված առավել ակտիվ ու գործունյա երիտասարդների շնորհիվ ստեղծվեց «Արմատներ» հայկական մշակութային հանձնախումբը, որի ատենապետ Հարութ Բաղամյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց` 20 տարի Իսրայել Հայաստանի նախագահ չէր այցելել:

«Պաշտոնական այց չէր, բայց իր ներկայությունը մեզ համար մեծ պատիվ է, ինչպես միշտ Հայաստանից ժամանակ ամեն դիվանագետի կամ պաշտոնյայի ներկայությունն այստեղ մեզ ուժ կտա և կոգևորի, որ մենք կառչած մնանք այս երկրին, այս հողին», – շեշտեց նա:

Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ նրանք կարճ առանձնազրույց էին ունեցել. – «Դեսպանի հետ կարճ առանձնազրույց ունեցանք, ամենաշատը մեզ հետաքրքրում էր այն փաստը, որ Երուսաղեմում ուզում են բացել մշակութային տուն կամ կենտրոն, որը, կարծում եմ, շատ մեծ ներդրում կարող է ունենալ ոչ միայն մշակութային կյանքի մեջ, Երուսաղեմի հայոց գաղութի կյանքի մեջ, այլև ընդհանրապես Երուսաղեմի ներկայության և նրա ինքնության զարգացման գործի մեջ: Շատ քաջալերելի քայլ է, որ մենք ամեն ձևով պետք է կարողանանք օգտակար լինել», – ասաց Հարութ Բաղամյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի հենց Երուսաղեմը. – «Երուսաղեմի ճամփով է, որ շատ օտարներ, միլիոնավոր տուրիստներ կճանաչեն Հայաստանը, այսինքն` եթե Հայաստան կայցելի տարեկան 2 կամ 1 միլիոն տուրիստ, Իսրայել կայցելի 5 միլիոն տուրիստ, և մենք կարող ենք օգտագործել նրանց ներկայությունը կամ իրենց ծանոթացումը Երուսաղեմին կամ հայությանը, ինչը Հայաստանի համար ևս մեծ ծառայություն է», – կարծում է նա:

Վերջինս «Արմատներ» հանձնախմբի ստեղծումը պատմական իրադարձություն է համարում համայնքի համար, նշում` իրենց ուսերին շատ մեծ պարտականություն է դրված. – «Եվ մենք ստեղծված ենք որպես հանձնախումբ անելու այդ գործը, ներկայացնելու Հայաստանը, պատմությունը, մշակույթը ոչ միայն Երուսաղեմին, այլև ամբողջ հայության համայն աշխարհին: Սա մեր գործն է, մեր պարտականությունն է, որը հպարտորեն անում ենք»:

Կարևորելով Հայաստանի կառավարության հովանավորությամբ հայկական մշակութային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը` համայնքի պատասխանատուները խոսում են նաև Հայաստանի դեսպանատան Թել Ավիվում բացվելու կարևորության մասին: Նախորդ տարի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել Իսրայել պետությունում ՀՀ դեսպանություն բացել, սակայն թե երբ, ԱԳՆ-ն դեռ չի հայտնում: Իսրայելում Հայաստանի նախագահին ուղեկցող արտաքին գերատեսչության ներկայացուցիչները կոնկրետ ժամկետներ չնշեցին:

Աղբյուրը՝  https://www.azatutyun.am/a/30412848.html

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here