«Իսրայելահայեր» թերթի խմբագրության ամանորյա ուղերձը

0
294

Սիրելի հայրենակիցներ,

2023 թվականը չափազանց ծանր ու ճակատագրական էր հայ ժողովրդի համար:

Արցախի շարունակվող շրջափակման ու սովամահության պայմաններում եթնիկ զտումներ ու Արցախի տարածքի օկուպացիա տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի աջակցության ու դիտավորյալ թողտվության պայմաններում: Արդյունքում ավելի քան 120 հազար տարհանված արցախահայեր տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն: Այժմ Հայաստանը լուրջ մարտահրավերների շեմին է:

Ծանր պատերազմական տարի էր 2023 նաև իսրայելահայերի համար: Մայիսին երկրի տարածքը գտնվում էր ավելի քան մեկ ամիս հրթիռահարումների թիրախում, իսկ հոկտեմբերի 7-ին Համասի գրոհայինների ավելի քան մեկ տասնյակ բնակավայրերի վրա հարձակումներն ու հարյուրավոր մարդկանց գերևարումները նոր պատերազմ բերեցին տարածաշրջան: Արդյունքում 25,000- իվելի զոհ կա այս պահին պաղեստինցիների և ավելի քան 1500 հրեաների շրջանում: 133 գերի գտնվում են դեռևս ՀԱՄԱՍի – ի գրոհայինների ձեռքերում: Պատերազմը շարունակվում է ու դեռ պարզ չէ թե երբ է ավարտվելու: Դժբախտաբար 2 զոհ ունեցավ նաև հայկական համայնքը: Մայիսին Գազայի գոտուց արձակած հրթիռը ընկավ Ռեխովոտ քաղաքի շենքերից մեկի վրա և զոհվեց տիկին Ինգա Աբրահամյանն, իսկ դեկտեմբերին ծագումով հայ ավագ սերժանտ Նիռ-Ռաֆայել Կանանյանը հերոսաբար զոհվեց: Ծանր մարտահրավերների ու հողերի կորստյան վտանգի առջև է այժմ Երուսաղեմի հայկական համայնքն ու ողջ հայ ժողովուրդը:

Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում ու Հայաստանում բնակվող սիրելի ժողովուրդ,

Վիշապի տարին նոր մարտահրավերներ է խոստանում ու այսօր առավել քան երբևէ պետք է մեր ազգը վերջապես սկսի համախմբվել: Նման տարեթիվ էր 1988 թվականը, Արցախյան շարժում ու հայերի կոտորածներ Ադրբեջանում, սարսափելի երկրաշարժ, որն ավիրեց Հայաստանի հյուսիսն ու տասնյակ հազարավոր զոհեր ունեցանք: Արդյունքում համախմբման պատճառով ոչ միայն անկախություն ձեռք բերեցինք, այլև Արցախն անկախացավ ու տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունեցանք: Հայկական ու Արցախյան բոլոր իշխանությունների տասնամյակներ տևած սխալ արտաքին ու ներքին քաղաքականության, սխալ կողմնորոշումների ու վախկոտ քաղաքականության պատճառով միայն հողային ու մարդկային կորուստներ ենք ունենում:

Ժամանակն է շտկել մեջքն ու իրոք խոսուն քայլեր ձեռնարկել մեր ժողովրդավարական, ազատ, անկախ  ու ամուր Հայաստանի Հանրապետությունը կառուցելու ու Արցախի Հանրապետություն վերադառնալու և այն վերակառուցելու համար:

Թող Աստծո կամքով ու Սուրբ խաչի օգնությամբ տարին համախմբման, միասնության ու նոր մարտահրավերներին դիմակայելու տարի լինի ու ի վերջո խաղաղություն հաստատվի Հայաստանում, Մերձավոր Արևելքում և ՈՒկրաինայում:

Աստված մեզ պահապան, շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ:  

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here