Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի փխրուն զինադադարի ու հայ – հրեական հարաբերությունների մասին

Իսրայելի ու «ՀԱՄԱՍ»-ի փխրուն զինադադարի ու հայ – հրեական հարաբերությունների մասին

0
563

ԱՄՆ- ի նախագահի միջնորդական առաքելությունն ու միջազգային միջնորդների՝  Եգիպտոսի, Քաթարի և Թուրքիայի խաղաղության գործընթացին մասնակցությունը  ճիշտ է բերեց 20 հրեա գերիների ազատ արձակմանը, բայց սպանված հրեաների դիերի հանձման հետ կապված ձգձգումներն Իսրայելի կողմից դիտվում են որպես պայմանավորվածությունների խախտումներ: «ՀԱՄԱՍ» – ը 28 դիակից փոխանցել է միայն 10-ը, վերջինը` ուրբաթ օրը սեպտեմբերի 17-ին: Իսրայելը ազատ է արձակել է 90 պաղեստինցի բանտարկյալի: Ըստ պայմանավորվածության Իսրայելն ազատելու է 250 ցմահ բանտարկվածների և 1700 հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալվածների:

«ՀԱՄԱՍ»-ը  հայտարարում է, որ որոնողական աշխատանքները բարդանում են զանգվածային ավերածությունների և չպայթած զինամթերքի առկայության պատճառով։ Ահաբեկչական խմբավորումն իր հերթին հաղորդել է միջնորդներին, որ որոշ մարմիններ գտնվում են այն շրջաններում, որոնք վերահսկվում են իսրայելական զինված ուժերի կողմից։

Ի պատասխան դրան՝ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ինքը թույլ կտա Իսրայելին վերսկսել ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի բոլոր 28 սպանված պատանդների մարմինները։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես պահանջել է, որպեսզի «ՀԱՄԱՍ»-ը «պահպանի 20 կետից բաղկացած հրադադարի պլանը»՝ նշելով, որ Իսրայելը իր մասով կատարում է այդ պլանի պայմանները։

–  «ՀԱՄԱՍ»-ը պետք է առաջին փուլում ազատ արձակի բոլոր պատանդներին։ Նա դա չի արել։ «ՀԱՄԱՍ»-ը գիտի, թե որտեղ են գտնվում մեր պատանդների մարմինները։ «ՀԱՄԱՍ»-ը պետք է զինաթափվի համաձայն այս պայմանագրի։ Առանց “եթե” և առանց “բայց”։ Նրանք դա չեն արել։ «ՀԱՄԱՍ»-ը պետք է պահպանի 20 կետից բաղկացած պլանը։ Նրանց ժամանակը քիչ է», — նշվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։

Միաժամանակ, ըստ Գազայի առողջապահության նախարարության տվյալների, Իսրայելը ընդհանուր առմամբ փոխանցել է 90 պաղեստինցի բանտարկյալ։

Մյուս կողմից  «ՀԱՄԱՍ» – ը մեղադրում է Իսրայելի բանակին մի քանի խաղաղ բնակիչներին հրադադարի ժամանակ սպանելու մեջ: Եթե դիակների վերադարձը առաջընթաց չունենա, Իսրայելը պաշտոնապես կարող է հայտարարել, որ շարունակում է ռազմական գործողությունները։ Երրորդ կողմերի համատեղ մասնակցությունն այս պարագայում  կարող է որոշ ժամանակ զսպել ուժային գործողությունների վերսկսումը՝ եթե նախապայմանները օր առաջ սկսեն իրականանալ, սակայն դրանք այս պահին մշուշոտ են։ Միևնույն ժամանակ հումանիտար օգնության արագացումն ու անցուղիների բացումը և հումանիտար բեռների հոսքը և միջազգային ճնշումը՝  կարող է հետաձգել մարտական գործողությունների վերսկսումը։

Ինչու Նեթանյահուն չմասնակցեց Թրամփի հրավիրած խաղաղության գագաթաժողովին:

Մեր ունեցած տվյալներով, նա պատրաստվում էր մեկնել, սակայն Թուրքիան դեմ է եղել Նեթանյահուի մասնակցությանը: Փաստացի Իսրայելը չի ստորագրել խաղաղության փաստաթուղթը, բայց Քնեսետն այն վավերացրել է:

Այժմ վերսկսվելիք պատերազմի վտանգն օրեցօր ավելանում է, միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ավիակիրները վերադառնում են կրկին տարածաշրջան, վերջին վերադարձի ժամանակ տեղի ունեցան Իրանի միջուկային օբյեկտների ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռմբահարումները: Սա հստակ պլան է, որն իրականացնում է Իսրայելն ու իր դաշնակից ԱՄՆ-ը: Ցանկություն կա փակելու«Գազայի» հարցը, լուծել Իրանի Այաթոլլաների ռեժիմի հարցը, փակել Հութի «եղբայրների» հաշիվներն ու ի վերջո ստորագրել «Աբրահամյան համաձայնագիրը»՝ ներառնելով նրա մեջ նաև Հայաստանին ու Ադրբեջանին:

Իմ կարծիքով կրկին խորացած թուրք-հրեական դիվանագիտական ճգնաժամի նաև արդյունքն է հաճախակի դարձած ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ու տարբեր հրեական կազմակերպությունների ու նրանց ղեկավարների հետ հանդիպումները: Նեթանյահուի Հայոց Ցեղասպանության ճանաչումը և ՀՀ անկախության տոնի հետ կապված Իսրայելի ԱԳՆ – ի հայերեն լեզվով գրառումը լուրջ մեսիջներ են ուղղված Հայաստանի ղեկավարությանն, որը ընդհանրապես որևէ կերպ չարձագանքեց, ընդհակառակը ՀՀ վարչապետը շատ բացասաբար արտահայտվեց Նեթանյահուի հարցազրույցի հետ կապված: Նիկոլ Փաշինյանը չի խորշում ամեն առիթով ժամանել Մոսկվա ու ձեռք մեկնել ու սեղմել Պուտինի ձեռքն, ով մեզ ամբողջությամբ «վաճառեց» ու մեր զավակների արյունը նրա ձեռքերի վրա է, բայց խորշում է որոշակի հարաբերություններ զարգացնել Իսրայելի հետ՝ փոխարենը խոսում են ռսների հետ աճած միլիարդավոր դոլարների դրամաշրջանառության մասին:

Կրկնում եմ՝ ասելով Ամերիկա հասկանում ես Իսրայել, ասելով Իսրայել՝ հասկանում Ամերիկա: Ինչպե՞ս կարելի է այս պարզ բանաձևը հայերին հասկացնել, կարո՞ղ եք ասել:

Իսրայելում ես ևս քննադատեցի ու կոչ արեցի ոչ թե մի բլոգերի տրված հարցազրույցի ժամանակ զուտ ասելու փոխարեն պետական մակարդակով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց ՀՀ ղեկավարությունը տասնյակ տարիներ չի ուզում հասկանալ ի տարբերություն Ալիևների կլանի ու նույնիսկ Վրաստանի ղեկավարների, որ Իսրայելի հետ ժամանակին հարաբերությունների ստեղծումն ու լուրջ համագործակցությունը չէր բերի Արցախի կորստին ու մեր պարտությանը:

Այժմ ռեալ նախադրյալներ կան երկուստեք զարգացնել հարաբերություններն ու ով գիտե նաև հետ բերել կորցրածը:

Այաթոլլաների ռեժիմը հավերժ չէ ու մեզ ավելի կանխատեսելի Իրան է հարկավոր, որին էլ ձգտում է նաև Իսրայելը:

Նախկին ՀՀ նախագահների ստրկացած ու ոչ անկախ քաղաքականությունն բերեց մի շարք դժբախտություններ, իսկ ներկայիս կառավարությունն էլ ունենալով դեսպանատուն և դեսպան Թել Ավիվում, որն անկասկած մեզանում ուրախալի քայլ էր, բայց գերադասում է  երբեք «չխառնվել Իսրայելի ներքին գործերին» այն ժամանակ երբ 2023 թվականի նոյեմբեր  – դեկտեմբեր ամիսներին ու դրան հաջորդող ամիսների ընթացքում զինված հարձակումներ եղան Երուսաղեմի հայկական թաղամասի ու Ժառանգավորաց վարժարանի սաների վրա, ովքեր ՀՀ քաղաքացիներ են ու մինչև օրս թե «Կովերի պարտեզի» թխրահռչակ գործարքի, թե մեր պատրիարքարանին հարկատու դարձնելու Իսրայելի իշխանությունների ու դատական մարմինների փորձերի և թե ՀՀ քաղաքացիներին ամրաններով մարմնական վնասներ պատճառելու հետ կապված որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: «Թավշյա հեղափոխությունից» հետո պարծենում էի Իսրայելում որ Հայաստանս ավելի դեմոկրատական է քան Իսրայել պետությունն ու Բիբին իր վարչակազմով ու քրեական գործեր ունեցող նախարարներով, բայց թե նոր իշխանությունների օրոք միայն կորուստներ ունենք:

Աղբյուրներ՝

Main – Egypt Independent

Haaretz | Israel News, the Middle East and the Jewish World – Haaretz.com

Последние новости: бесплатное видео по запросу| Euronews

Latest news, sport and opinion from the Guardian

Breaking News, World News and Video from Al Jazeera

The Times of Israel | News from Israel, the Middle East and the Jewish World

Anadolu Ajansı

Al Arabiya | Breaking News From Around The World