Wednesday, July 29, 2026
Գլխավոր Էջ Գլխավոր Էջ Հոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային համագումարի ռազմավարական կարևոր հարթակ

Հոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային համագումարի ռազմավարական կարևոր հարթակ

0
20

2026 թվականի հուլիսի 24-ին՝ ուրբաթ օրը, Գ Հայագիտական միջազգային համագումարի շրջանակում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած կլոր սեղան-քննարկումը՝ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի ղեկավարության և հայկական հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Պոլսի Հայոց պատրիարքության, Մխիթարյան միաբանության և Զմմառի պատրիարքական կղերի միաբանության հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչները։

Հրավիրյալների թվում էին նաև «Գալուստ Կյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը և Հայաստանի ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի խորհրդական Տիգրան Զարգարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հարցերի լայն շրջանակի, որոնք վերաբերում էին ձեռագրական հավաքածուների պահպանության համակարգերի արդիականացմանը, թվայնացմանը և գիտական ուսումնասիրությանը։ Բոլոր կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու արդեն իրականացվող համատեղ ծրագրերը և մշակելու առաջիկա համագործակցության նոր գործողությունների ծրագիր։

Առանձնակի ուշադրություն դարձվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունում իրականացված առաքելության արդյունքներին, Զմմառի կղերի միաբանության նորաստեղծ ենթակառուցվածքներին ցուցաբերված փորձագիտական աջակցությանը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից բերված X դարի Ավետարանի վերականգնման աշխատանքներին։

Քննարկման ավարտին մասնակիցներն ընդգծեցին Հայագիտական միջազգային համագումարի բացառիկ նշանակությունը՝ այն գնահատելով որպես առկա խնդիրների համատեղ վերլուծության, փորձի փոխանակման և համագործակցության զարգացման կարևոր հաստատութենական հարթակ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ներկայացնում էր Պատրիարքության Սուրբ Թեոդորոս ձեռագրատան և Հելեն և Էդուարդ Մարտիկյան թանգարանի տեսուչ, հոգեշնորհ Տ. Արշակ աբեղա Ղազարյանը։

Աղբյուրը՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության պաշտոնական ֆեյսբուքյան էջ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here