Հայոց Ցեղասպանության 100 – ամյակին նվիրված համերգաշար Իսրայելում

0
368
Լուսանկարում՝ «Զվարթնոց»  հայ երգի մենակատարների խումբն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ Պետախ Տիկվայի «Շառետ» դահլիճում
Լուսանկարում՝ «Զվարթնոց»  հայ երգի մենակատարների խումբն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ Պետախ Տիկվայի «Շառետ» դահլիճում

Արխիվային հաղորդագրություն

2014թ.-ի դեկտեմբերին «Զվարթնոց Վերածննդի հիմնադրամը Երուսաղեմում հանդիպել էր Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի հետ ու քննարկվել էր հիմնադրամի երգիչներին Իսրայել հրավիրելու հարցը:  Նաիրիականները հանդիպել էին Երուսաղեմի Հայոց պատրիարք հոր հետ ու ստանալով նրա հավանությունն ու քննարկելով համերգաշարի կազմակերպման խնդիրներն Երուսաղեմի  Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի հետ, որի անդամն է նաև «Նաիրի» միությունը,  Պետախ Տիկվայի կրթական, ուսումնական «Նոյան Տապան» միության հետ միասին ձեռնամուխ եղան հրավերքի ու մյուս առանցքային հիմնահարցերի լուծմանը:

«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը պատրաստվում է  «Աղոթքով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` երիտասարդների շուրթերից» ծրագրով ելույթ  ունենալ Հայաստանից դուրս 100 քաղաքներում`տարբեր ազգերի, տարբեր հավատքի տեր մարդկանց համար։

Հիմնադրամն այս ծրագրով  առաջարկում է մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության` Ցեղասպանության  մասին խոսել աղոթքով: Եվս մեկ անգամ ցույց տալ  մարդկությանը հայ մշակույթի հարստությունն ու գեղեցկությունը: Կոմիտասյան, նարեկյան, մաշտոցյան տաղերի ու շարականների լեզվով երիտասարդների ու պատանիների շուրթերից  կոչ անելով աշխարհին միավորվել սիրո ու համերաշխության շուրջ` դեմ կանգնելով ցեղասպանությանն ու  չարիքին:
Ժողովրդական գործիքների նվագախմբի անդամները ՀՀ վաստակավոր արտիստներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ են:
«Զվարթնոց» հայ երգի մենակատարների խումբը «World Folk  2013»  ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթին արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի, «Ոսկե մեդալ», «Ոսկե Քնար» մրցանակների, ինչպես նաև  «Հորովել» և հարսանեկան ծիսական երգերի համար` «Ամենապատվավոր ներկայացում», «Հայտնություն»  և «Ազգային մշակույթը պահպանելու» դիպլոմների:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հրավերքով 2015թ.-ի փետրվարի 26-ին Իսրայել ժամանած  «Զվարթնոց» հայ երգի մենակատարների խումբը՝ հիմնադրամի ղեկավար Սուսաննա Բաղդասարյանի գլխավորությամբ անդրանիկ համերգով հանդես եկան փետրվարի 27-ին Երուսաղեմի հայկական թաղամասում: Պետք է փաստել, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հայրական օգնության, հյուրերին Երուսաղեմում ընդունելու և նրանց  համայնքում պահելու շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել համերգաշարը:
Համերգի ծրագիրը շատ հագեցած էր՝   Աղոթք հոգևոր երգերի միջոցով՝ ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ, հայ ժողովրդական, ազգագրական, գուսանական և դասական երգեր: Ժառանգավորաց վարժարանի դահլիճը լեցուն էր հայ հանդիսականներով ու հյուրերով: Աղոթքով ու ասմունքով բացվեց երեկոն:
Մի փոքր այլ էր Պետախ Տիկվայում փետրվարի 28-ին կայացած համերգը: «Նաիրի» միության ցանկությամբ նախապես փոխվել էր ծրագիրը՝ քանզի դահլիճում շատ էին նաև հրեաներն ու կազմակերպիչների ցանկությամբ կրճատվել էր հոգևոր երգերի ցանկը՝ փոխարինելով ազգային ու ժողովրդական երգերով:   

Աղոթքով ու բացման խոսքով  հանդես եկավ Արիս սրբազանն ու բեմ հրավիրվեց նաև Պետախ Տիկվայի քաղաքագլուխ Իցխակ Բրավերմանն, որն անկեղծորեն զարմացած էր, որ այդքան կարճ ժամանակահատվածում հայերը մեկ մարդու նման եկել էին համերգի: Նա իր խոսքում կարևորեց այն փաստն, որ Պետախ Տիկվայում նման աշխույժ ու լավ կազմակերպված համայնք կա:  «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը հրեա  քաղաքապետի համար անակնկալ էր պատրաստել ու նրան հուշանվեր հանձնվեց՝ հայ և հրեա ժողովուրդների միջև սիրո և համերաշխության խորագրով:

Համերգը մեկ շնչով առանց դադարների գրեթե երկու ժամ տևեց ու դահլիճն ոտնկայս ծափահարում էր ու չէր թողնում, որ հայ երգիչները հեռանան:  «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը հատուկ շնորհակալություն և հուշանվեր հանձնեց «Նաիրի» միության անդամ, համերգի գլխավոր նախաձեռնող Սմբատ Մխիթարյանին:

Պետախ Տիկվայի շնորհակալ հանդիսատեսն ու համերգի կազմակերպիչ «Նաիրի» և «Նոյան Տապան» միություններն էլ ձեռնունայն չէին եկել: Նրանք գեղեցիկ հուշանվեր, ինչպես նաև ծաղիկների զամբյուղ նվիրեցին հյուրերին ու համերգից հետո ողջ համույթին ու հյուրերին հրավիրեցին ճաշկերույթի:

ՈՒշագրավն այն է նաև, որ Պետախ Տիկվայի քաղաքապետարանի «Շառետ» դահլիճի միջանցքում բացվել էր նաև ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության  100-ամյակին ու զուգահեռաբար նաև փաստավավերագրական ֆիլմ ցուցադրվեց՝ նվիրված հայ անմեղ զոհերի հիշատակին:

Բացի Երուսաղեմից ու Պետախ Տիկվայից հայկական համույթը համերգներ ունեցավ նաև Բետղեհեմում և հյուսիսային Հայֆա քաղաքներում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here