Իսրայելում հայկական կազմակերպությունները կարիքավորներին օգնող մարմին են ուզում ստեղծել

0
332
Լուսանկարում՝ Երուսաղեմի Դաշնակցական, Ռամկավար կուսակցությունների և «Բարեսիրաց» միության ներկայացուցիչներն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Կորյուն վարդապետ Բաղդասարյանի մասնակցությամբ - արխիվ - Երուսաղեմ 2013թ.
Լուսանկարում՝ Երուսաղեմի Դաշնակցական, Ռամկավար կուսակցությունների և «Բարեսիրաց» միության ներկայացուցիչներն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Կորյուն վարդապետ Բաղդասարյանի մասնակցությամբ - արխիվ - Երուսաղեմ 2013թ.

Ինչպես Մերձավոր Արևելքի մյուս համայնքներում, այնպես էլ Իսրայելում հայկական կազմակերպությունները մտադիր են նոր մարմին ստեղծել, որն օգնություն կցուցաբերի առավել կարիքավոր ընտանիքներին:

2014-ին Իսրայելում ստեղծվել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը, որի մեջ ընդգրկված էին Դաշնակցական ու Ռամկավար կուսակցությունների տեղի կառույցների պատասխանատուները, «Բարեսիրաց» միությունն ու Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կրթական միությունները: Հանձնախմբի աշխատանքները 2016թ.-ից ավելի պասիվ էին ու հիմնականում ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ էին համընդհանուր ցույցերի ու հավաքների որոշումներ կայացնում:

Մի քանի օր տևած քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել նույն կազմակերպությունների մասնակցությամբ նոր մարմին, այսպես կոչված` օպերատիվ շտաբ, որը կկարողանա սեփական միջոցներով օգնություն տրամադրել, թեկուզ սննդամթերքի տեսքով, առավել խոցելի ու ծանր պայմաններում հայտնված Իսրայելի հայերին: Երուսաղեմում միությունները հանդիպելու են Հայոց պատրիարքի հետ ու քննարկելու են այս կազմակերպության ստեղծման անհրաժեշտության խնդիրը:

Միևնույն ժամանակ Իսրայելում այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակն ավելի է բարդանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության` 4347 հիվանդ կա, 15 մարդ է մահացել, 59-ը գտնվում են ծայրաստիճան ծանր, 80-ը ծանր և 81 քաղաքացի միջին ծանրության վիճակում: Առողջացել է ընդհամենը 134 մարդ: Երկիրն ամբողջությամբ կարանտինի մեջ է, տանից կարելի է հեռանալ միայն 100 մետր, իսկ գնումներ կարելի է կատարել միայն մոտակա խանութներում:

Մարտի 26-ին հրապարակվեց Հայկական, Հունաց ու Լատինաց պատրիարքարանների հայտարարությունը, ըստ որի` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար փակվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, սակայն եկեղեցական արարողությունները շարունակվելու են պարբերաբար:

Հիշեցնենք, որ տաճարի դռները փակվել էին նաև 2018թ.-ի գարնանը, բայց այն ժամանակ ընդդեմ Իսրայելի վարած քաղաքականության դեմ. կառավարությունը փորձում էր հարկատու դարձնել հազարամյակներով հարկերից ազատված պատրիարքարաններին:

«Ազատության» հետ զրույցում Երուսաղեմի «ՀՄԸՄ»-ի նախկին ատենապետ ու այս ձեռնարկի համահեղինակ Սերոբ Սահակյանը ներկայացրեց իրավիճակը Երուսաղեմում և Պաղիստինում: Նա նշեց, որ արևելյան Երուսաղեմում ոչ մի շարժ գրեթե չկա, ոչ կենսական անհրաժեշտության խանութները փակ են, տուրիստներ ևա չկան:

Բեթղեհեմում, ըստ պաշտոնական տվյալների, 80 հիվանդ կա, 2 մարդ մահացել է, մի մասն արդեն բուժվել է, սակայն Պաղեստինում ավելի խիստ միջոցներ են կիրառվում, քան Իսրայելում, համոզված է Սահակյանը:

«Այդ կողմերում գրեթե երթևեկություն չկա, դուրս են գալիս ուտելիքի, բանջարեղենի համար, ուրիշ ոչ մի շարժ չկա, ոստիկանությունը խիստ հսկում է», – նկատեց նա:

Ինչ վերաբերում է նոր մարմնի, արտակարգ շտաբի ստեղծման աշխատանքներին, ապա Սերոբ Սահակյանն ասաց, որ համայնքը նաև պիտի հոգա նման դեպքերում օժանդակության համար:

Լիբանանում և Սիրիայի հայկական համայնքներն արդեն կազմել են նման հանձնախմբեր, ու չափազանց կարևոր է նաև այստեղ ունենալ նման կառույց, որպեսզի վերջինս կարողանա օգնել կարիքավոր հայերին: Երուսաղեմում, օրինակ` «Հին» քաղաքում քանի որ շատ տարածքներ պատկանում են քրիստոնեական պատրիարքարաններին, ուստի հարկերի, բնակարանների ու խանութների վարձավճարների զիջումների ակնկալիքներ ունեն նաև հայերը:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի միջոցառումների չեղարկմանը, ապա նախկին ատենապետը համաձայն է ոչ թե չեղարկման, այլ հետաձգման տարբերակին. – «Հետաձգվելը, բնականաբար պիտի հետաձգվի, որովհետև եթե երթևեկության իրավունք չկա, ցույցի իրավունք ևս չկա»:

Աղբյուրը՝  https://www.azatutyun.am/a/30517466.html?fbclid=IwAR0-QJHo04_DlKS7oDeHs22Bif0J2gtubyAsQHhXbcXbT5QQDyD2U1pFbkc

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here