Իսրայելը հարգանքի տուրք է մատուցել հայազգի բժշկին՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու համար

0
825
Լուսանկարում՝ Հայստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Շմուել Մայրոմը, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանն և Հարություն Խաչատրյանի թոռնուհին՝ հայ երգչուհի Աննա Խաչատրյանը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանը հրեական «Յադ Վաշեմ» ինստիտուտ-թանգարանի կողմից հետմահու արժանացել է «Ազգերի առաքյալ» մրցանակին:

2014թ. Փետրվարի 4-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Շմուել Մայրոմը և Հայաստանում Իսրայելի հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը մեդալ հանձնեցին Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ հայ երգչուհի Աննա Խաչատրյանին:

Ըստ դեսպան Շմուել Մայրոմի, Հարություն Խաչատրյանի պատմությունը բացահայտվել է Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի շնորհիվ, որն էլ անցած տարի Խաչատրյանների ընտանիքին մրցանակ շնորհեց նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով իր ելույթում նշեց, որ այս միջոցառումը նվիրված է ոչ միայն մեկ անձի կողմից մյուսի փրկությանը, այլ նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակման արարողություն է. «Տիկնայք և պարոնայք, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն անպատժելի մնացին հզոր երկրների անտարբեր մոտեցման պատճառով: Սրան հետևեց Մյունխենի գործարքը, ֆաշիզմի հանդեպ հանդուրժողականությունը, այնուհետ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը և Հոլոքոստը՝ մարդկության պատմության սև բիծն ու ամոթը: Մեջբերում. «Ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերով: Դուք հուդայական եք, իսկ նրանք՝ քրիստոնյա: Մահմեդականներն ու հրեաները միշտ լավ հարաբերություններ են ունեցել: Ինչի՞ց եք դժգոհում: Ինչո՞ւ եք ստիպում մեզ հետ կանգնել այն ամենից, ինչ ուզում ենք անել այդ քրիստոնյաների հետ»:

Վերջին ամիսների ընթացքում հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ կարդալ այս երկխոսությունը: Այս երկխոսությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և կայսրության ներքին գործերի նախարար, Երիտթուրքերի պարագլուխ և Հայոց ցեղասպանության կազմակերպիչ՝ Թալեաթ փաշայի միջև:  Դեսպան Մորգենթաուն պարտավորված չէր պաշտպանել արևմտահայերին, սակայն նա դա արեց՝ լրջորեն փչացնելով իր հարաբերությունները Երիտթուրք հանցագործների հետ: Հայոց ցեղասպանության տարիներին, Հենրի Մորգենթաուն միակ հրեան չէր, ով ձայն բարձրացրեց՝ ի պաշտպանություն հայերի:

Այսօրվա միջոցառումն, հիրավի, կարևոր նշանակություն ունի: Սա բացառիկ հիշատակման արարողություն է, որն ունի ավելի խորն իմաստ և բովանդակություն, քանի մեկ անձի կողմից մյուսի կյանքը փրկելը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր հայերին և հրեաներին, ովքեր տվեցին իրենց կյանքը՝ արմատախիլ անելու ֆաշիզմի չարիքը: Հաջորդ տարի՝ 2015-ին, ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են կազմակերպվելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների: Նույն տարում, տոնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը, մենք պարտավոր ենք հիշել և հիշատակել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին՝ կռվելով չարիքի դեմ:

Բժիշկ Հարություն Խաչատրյանի օրինակը մարդկային է, սակայն որքան լավը կլիներ աշխարհը, եթե մարդկությունն ու բարոյականությունը տեղափոխվեին ազգերի միջև երկկողմ հարաբերությունների ոլորտ: Ցավոք, մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ աշխարհը դեռևս շատ հեռու է նման հեռանկարից:

Անհնար է մոռանալ Հոլոքոստի աղետները: Այս պատմությունները նաև իմ ընտանեկան պատմության մի մասն են: Իմ պապը, որի անունը հպարտորեն կրում եմ, կարողացավ փախչել գերությունից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երեք տարի Բելառուսի անտառներում, պայքարեց ֆաշիզմի դեմ, չնայած որ լուրջ վիրավոր էր՝ ականատես լինելով Հոլոքոստի սարսափներին: Այսօրվա միջացառումը կարևոր ուղերձ ունի: Մեծարելով բժիշկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, մենք հաստատում ենք հավաքական պայքարը ցեղասպանություն չարիքի դեմ, որից, ցավոք, մարդկությունը նույնիսկ 21-րդ դարում ապահովագրված չէ:

Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ: Եկեք հիշենք և հիշատակենք Հարություն Խաչատրյանին և Իասեֆ Մոսես Կոգանին, ովքեր պայքարեցին ֆաշիստական չարիքի դեմ և իրենց օրինակով մարդկության և բարոյականության զգացումները թողեցին որպես պատվիրաններ»:

Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ հրեական համայնքի ղեկավար տիկին Ռիմա Վարժապետյանը: «Դրախտը կբացվի քեզ համար. Մալկա Ռոզենտալի պատմությունը» ֆիլմը, որը պատմում է Հոլոքոստից փրկվածների մասին, նույնպես ցուցադրվեց:

1963թ.ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 18 տարի անց, «Յադ Վաշեմ» հրեական կազմակերպությունը հիմք դրեց համընդհանուր «Ազգերի առաքյալ» ծրագրի, որի նպատակն է հարգանքի տուրք մատուցելու բոլոր ոչ հրեաներին, ովքեր Հոլոքոստի ժամանակ փրկեցին հրեաներին՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Այս ծրագիրն աննախադեպ է ամբողջ աշխարհում: Մինչև 2013թ. մայիսը 24811 անհատներ են ճանաչվել «Ազգերի առաքյալներ», որոնցից 22-ը՝ Հայաստանից:

Աղբյուրը՝

http://old.armradio.am/en/2014/02/07/armenian-physician-honored-by-israel-for-saving-jews-during-the-holocaust/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here