Երուսաղեմի հայկական թաղամասը Հայոց պատրիարքի որոշմամբ դեռ մնալու է կարանտինի մեջ

0
425
Լուսանկարը` Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից
Լուսանկարը` Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից

Երուսաղեմի հայկական թաղամասը Հայոց պատրիարքի որոշմամբ դեռ մնալու է կարանտինի մեջ, «Ազատությանը» փոխանցեց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Չնայած երկիրը թուլացրել է կարանտինի ռեժիմն, ու բաց են խոշոր առևտրային կենտրոններն ու շուկաներն, իսկ այս շաբաթավերջին կբացվեն նաև սրճարանները, սակայն հայերը չեն շտապում բացել համայնքի դարպասներն ու ներս թողնել այցելուներին:

Երկրում կարանտինային ռեժիմի հաստատումից ավելի վաղ պատրիարք սրբազանի կարգադրությամբ համայնքը մեկուսացել էր, որի արդյունքում որևէ վարակակիր ու մարդկային կորուստ հայերը չունեցան: Հին քաղաքում Երուսաղեմի հայկական թաղամասը հարևան է հրեական թաղամասին, որը բնակեցված է օրթոդոքս հրեաներով, որոնց շրջանում շատ բարձր տոկոս էր կազմում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը: Թե երբ է համայնքը բացվելու, դեռ որոշում չկա, հավելեց դիվանապետը:

Այսօր վերաբացվել են մանկապարտեզները, սակայն ոչ բոլոր ծնողներն են շտապում իրենց երեխաներին մանկապարտեզներ տանել:

Նույն պատկերն է Երուսաղեմի թարգմանչաց վարժարանում: Եկեղեցական արարողությունները, պատարագներն ու ժամերգություններն անցկացվում են միայն շատ փոքր թվով հոգևորականների մասնակցությամբ: Երեկ պատարագ էր անցկացվել Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված մինչև 19 հավատացյալներ կարող էին մասնակցել:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց հայր Կորյունը, Սուրբ Հարության տաճարը կվերաբացվի մինչև մայիսի վերջ: Իսրայելում այս պահին գրանցվել է ընդամենը 4 նոր դեպք, համավարակի տարածումից ի վեր մահացել է 248 մարդ: Հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 4 հազար 826 պացիենտ:

Ամբողջական կարանտինն ու ձեռնարկված միջոցառումների պայմաններում, սակայն, չափազանց բարձր է մնում գործազրկության ցուցանիշը: 1 մլն 100 հազար գործազուրկից աշխատանքի է վերադարձել միայն մոտ 49 հազար մարդ:

Նկատենք նաև, որ մինչև օրս արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկիրը չունի դեռևս կառավարություն, չնայած կառավարող Լիքուդն ու Բենի Գանցի «Կախոլ Լավան» կուսակցությունները կոալիցիոն համաձայնություն են ստորագրել՝ ռոտացիոն կառավարություն կազմավորելու համար: Սկզբում վարչապետ է դառնալու Բենիամին Նեթանյահուն մեկուկես տարի, որից հետո նրա աթոռը փոխանցվելու է Բենի Գանցին: Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվելու է շատ ուռճացված կառավարություն, որն ունենալու է 36 նախարար ու 16 փոխնախարար: Ահա այս համաձայնությունը, երբ պետական ապարատն արհեստականորեն ուռճացվում է, իսկ երկիրին ունի 1 միլիոնից ավելի գործազուրկ, մեծ դժգոհություններ է առաջացրել բնակչության շրջանում:

Քաղաքական զարգացումների ու այս նոր պայմաններում Հայ դատի աշխատանքները կազմակերպելու հիմնախնդիրների շուրջ «Ազատության» հետ զրույցում Հայ Դատի անդամ, ՀՄԸՄ նախկին ատենապետ Սերոբ Սահակյանն ասաց.- «Այս քաղաքական ծանր իրավիճակը, որ կա, ի վերջո թող պարզ լինի, որ Նեթանյահուն Իսրայելի մեծամասնության թեկնածուն էր»:

Ժողովրդի փափագը հենց աջակողմյան իշխանություն էր ու պակաս դեմոկրատական կարգերը, կարծում է նա.- «Մեր պարագայում ես արդեն մեծ հույսեր չունեի, բայց կարծում եմ, թե որպես ընդդիմություն այսօր «Կախոլ Լավան» կուսակցությունից Յաիր Լապիդի ներկայանալով պայմանավորված կարելի է որոշ քայլեր անել: Լապիդի հետ պետք է բանակցել, քանզի ընդդիմադիր ձախակողմյան «Մերեց» կուսակցությունը փաստացի այլևս չկա: Մեր տղաները մի շարք պայմանավորվածություններ ունեին Լապիդի հետ՝ հանդիպումներ կազմակերպելու հետ կապված, սակայն այս ընտրությունները խոչընդոտեցին դրանց»:

Այս կոալիցիոն համաձայնության արդյունքում ընդդիմադիր «Կախոլ լավան»` թարգմանաբար կապույտ – սպիտակ կուսակցությունը տրոհվեց, ու նրանից անջատված «Յեշ ատիդ» թարգմանաբար՝ «Կա ապագա» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 2018թ. փետրվարի 14-ին առաջին անգամ լիագումար նիստի բերվեց մեր բանաձևը, որը մերժվեց ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ:

Անկախ ԱՄՆ-ում Հայ Դատի հաղթանակներից, թուրք-հրեական լարված հարաբերություններից ու ջերմացած Իսրայելի, Հունաստանի ու Կիպրոսի հարաբերություններից, դեռ վաղ է ճանաչման մասին խոսելը, համոզված է պարոն Սահակյանը.- «Ես մեծ հույսեր չունեմ այս բոլոր փոփոխություններից, խորքի մեջ դրանք շատ բան չեն նշանակում: Իսրայելը դեռևս Ցեղասպանության ճանաչումը պետք է հետաձգի, ու հակառակ, որ Իսրայելը Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունները բարելավում է, դա չի նշանակելու, որ Թուրքիայի հետ հարաբերություններն ամբողջությամբ այրելու տրամադրություն ունի»:

«Հայ դատի» Երուսաղեմի մասնաճյուղի ներկայացուցչի տեղեկացմամբ` օրակարգում այսօր ոչ այնքան Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլև պահանջատիրության հարցն է: Ինքը հույս ունի, որ այս հարցում առաջխաղացում կլինի:

Աղբյուրը՝  «Ազատություն» ռադիոկայան 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here