Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն ու ծնողները հյուրընկալվեցին Երուսաղեմի հայկական համայնքի կողմից

Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն ու ծնողները հյուրընկալվեցին Երուսաղեմի հայկական համայնքի կողմից

0
794

Պետախ Տիկվայի հայկական դպրոցի երկու դասարանների սաներն ու նրանց ծնողներն այսօր այցելեցին Երուսաղեմ ու հյուրընկալվեցին հայկական համայնքի կողմից: Չնայած որ Երուսաղեմի հայկական թանգարանի բացումը նախատեսված է նոյեմբերի 14-ին, այնուամենայնիվ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ու ընծայարանի տեսուչ, ծայրագույն վարդապետ Թեոդորոս Զաքարյանի կարգադրությամբ հայ աշակերտներն ու նրանց ծնողները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու Երուսաղեմի հայկական համայնքի հիմնադրման պատմությանը: ՈՒշագրավն այն է, որ ավելի քան 10 տարի տևած վերանորոգման ու գեր ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած մեր թանգարանն իրոք զարմացրեց իր կահավորման, տեսասրահի ու թանգարանային նմուշների եզակի հավաքածուով: Թանգարանի տնօրեն, տիկին Ցողիկ Կարագաշյանը կրկին պաշտոնական  բացումից հետո մեր դպրոցի սաներին հրավիրեց թանգարան, որտեղ արդեն արեստավարժ էքսկուրսավարի միջոցով ավելի մանրամասն հնարավոր կլինի ծանոթանալ ցուցանմուշների հետ:

Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը հյուրընկալելով հայկական դպրոցի հյուրերին սիրով ներկայացրեց թանգարանի հիմնադրման պատմությունն ու ըստ ցուցասրահների առանձին-առանձին հայ աշակերտներին ու ծնողներին ներկայացրեց տեղադրված նմուշների առանձնահատկություններն ու Հայ Երուսաղեմի հարուստ պատմությունը:

Թանգարանի երկրորդ հարկում ներկայացված էին փաստեր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Կային հատկապես Երուսաղեմի հայկական թաղամասում ապաստանած Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի, որբացած մանուկների մասին պատմող փաստաթղթեր ու լուսանկարներ:

Թանգարանի նմուշների հետ ծանոթանալուց հետո հայ երեխաներին հայր Ղևոնդը հյուրընկալեց Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքում, որտեղ ոչ միայն ներկայացվեց վանքի հիմնադրման պատմությունն, այլև ներկայացվեց հայկական քրիստոնեական ծիսակարգերն ու հայկական հին ավանդույթները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց  Պետախ Տիկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների՝ հայ հոգևորականների հետ հանդիպում կազմակերպելու հետ կապված:

Ժառանգավորած վարժարանի բակում հանգստանալուց հետո Պետախ Տիկվայի հայկական դպրոցի սաները մասնակցեցին Սրբոց Հակոբյանց մայրավանքում մատուցած պատարագին: