Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Իսրայելի հայկական կրթօջախները ուսուցման նոր ծրագրեր են ձեռք բերում՝ անակնկալներից խուսափելու համար

Իսրայելի հայկական կրթօջախները ուսուցման նոր ծրագրեր են ձեռք բերում՝ անակնկալներից խուսափելու համար

0
748
Լուսանկարում՝ դպրոց Իսրայելում, լուսանկարը` երկրի կրթության և գիտության նախարարության
Լուսանկարում՝ դպրոց Իսրայելում, լուսանկարը` երկրի կրթության և գիտության նախարարության

Վարչական տուգանքների հարցը կքննարկվի

Իսրայելում ինչպես կանխատեսվում էր, արդեն կառավարության մակարդակով խոսում են նոր տիպի կորոնավիրուսի տարածման 2-րդ ալիքի մասին: Այսօր երեկոյան կառավարության արտակարգ նիստ է հրավիրվել:

Միաժամանակ նման պայմաններում թույլատրվել է վերաբացել կինոթատրոններն ու հարսանյաց սրահները: Արդեն 3 ամիս է, ինչ երկրում դիմակներ կրելը պարտադիր է ու 200 շեկել, այսինքն` մոտ 55 դոլար տուգանք է նախատեսված չկրելու համար: Ի դեպ, այսօր նաև տուգանքների ու վարչական պատասխանատվության ենթարկելու ավելի խիստ միջոցներն են քննարկվելու:

Երեկ երկրում ախտորոշվել է 294 նոր վարակակիր այն դեպքում, երբ հունիսի սկզբին օրական միայն 18-20 նոր դեպքեր էին գրանցվում: Բուժում է ստանում 4 հազար 716 պացիենտ, որոնցից 43-ի վիճակը չափազանց ծանր է: 305 մարդ մահացել է:

Իսրայելում շարունակում է աճել վարակված աշակերտների թիվը

Եթե նախկինում Covid-19-ը ներթափանցել էր Իսրայել արտասահմանից, ապա այսօր արդեն այն տարածվում է շատ արագ ողջ երկրի տարածքում, և հնարավոր չէ բացահայտել դրանց օջախները, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Մայիսի 4-ից բացվեցին տարրական դասարանները դպրոցներում, իսկ մայիսի 18-ից արդեն ողջ ուսումնական համակարգը վերագործարկվեց, արդյունքները, սակայն, մտահոգիչ են: Այսօր ծնողները, ուղարկելով երեխային դպրոց, վստահ չեն, որ հաջորդ օրն այդ կրթօջախը չի փակվելու:

Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 20 հազար 633 մարդ: Այս թվերի մեջ չափազանց բարձր է ու շարունակում է աճել վարակված աշակերտների թիվը: 2.3 տասնորդական միլիոն աշակերտներից ու 200 հազար ուսուցիչներից 714-ը վարակվել են կորոնավիրուսով: 21 հազար 555 մարդ գտնվում է այժմ կարանտինի մեջ, փակվել է 215 դպրոց ու մանկապարտեզ: Միջին ու բարձր դասարանների աշակերտներն այսօրվանից արդեն արձակուրդում են, իսկ տարրական դասարանները կշարունակեն ուսումը մինչև հունիսի վերջ, ժամկետների մեջ զգալի կրճատումներ են եղել:

Իրավիճակը հայկական համայնքում

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա մինչև օրս վարակակիրներ չկան, և մահացության դեպքեր չեն գրանցվել: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ինչպես արդեն հայտնել ենք, նույնիսկ կառավարության որոշումից առաջ էր փակել համայնքը, որի պատճառով հայկական թաղամասն ինքնամեկուսացվել է: Չնայած արդեն բացվել են հարսանյաց սրահները, ու մինչև 250 մարդ հավաքվելու թույլտվություն կա, հայկական համայնքի երկաթյա դարպասները մինչև այսօր փակ են, ու միայն փոքր դռնից են համայնքի անդամներն ելումուտ անում:

Հայկական կրթօջախներում ավարտական միջոցառումներն ու քննություններն ավարտվել են: Պետախ Տիկվայի հայկական դասարանը սահմանափակումների առաջին օրվանից ժամանակավորապես փակվել է: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը մասամբ օնլայն, մասամբ էլ տեղում անցկացրել է ուսումնական գործընթացն ու արդեն ավարտել տարին:

Վարժարանի ու ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց. – «Ուսուցման, դասընթացի ձևը և նաև աշակերտությունը տարբեր համակարգի մեջ են, քանի որ մեր վարժարանը գիշերօթիկ վարժարան է, և նույն տարածքում են ապրում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները հիմնականում, որոնք Հայաստանից են: Մենք կարողացանք ապրիլի կեսերին վերսկսել մեր կրթական ծրագրերը, որոշ առարկաներ հեռավար կարգով էր արվում, այն դասախոսներ, որոնք դրսում են ապրում, իսկ վանքի տարածքում ապրող դասախոսները դասընթացն անցկացնում էին սովորական ձևով»:

Կրթօջախն ընդամենը մեկ ամիս է արձակուրդ ունեցել ու արագ վերագործարկելով ուսումնական գործընթացը` այն ավարտին է հասցրել: 169 աշակերտ ունեցող աշխարհիկ Թարգմանչաց վարժարանը ևս ուղարկել է իր աշակերտներին ամառային արձակուրդների: Թարգմանչաց վարժարանի տեսուչ Արտեն քահանա Աբրահամյանի տեղեկացմամբ` մայիսի սկզբներից վերաբացվեց հայկական դպրոցը միայն առաջինից 3-րդ դասարանների երեխաների համար, ու դասի հաճախող հայ աշակերտներն էլ պարտադիր դիմակներով ու ձեռնոցներով էին, պահում էին սոցիալական հեռավորություն, պարտադիր ջերմաչափվում ու ախտահանիչ նյութեր օգտագործում. – «Մայիսի 22-ին սկսեցին գալ արդեն 4, 5, 6 դասարանները, բայց հատուկ կանոնադրությամբ` շաբաթը 2 օր, իսկ վերջին 3 դասարանները` 10, 11, 12 դասարանները ներկա չգտնվեցին, որորովհետև իրենց GS (գիմնազիա) քննություններն արդեն սկսվել էին, որը պետք է արդեն հանձնեին: Հիմնականում դրանք օնլայն տարբերակներն էին»:

Ոչ բոլոր ծնողներն էին, սակայն, իրենց երեխաներին դպրոց ուղարկել, այն ընտանիքներն էլ, որոնք համայնքից դուրս են ապրում, զրկված էին այդ հնարավորությունից: Ինչ վերաբերում է օնլայն ուսուցմանը կարանտինի ժամանակ, ապա ետ չմնալով ժամանակակից տեխնոլգիաների ներդրումից, բացի հայտնի Zoom և Google classroom ծրագրերից, Թարգմանչաց վարժարանը նոր հատուկ համակարգ է ձեռք բերել՝ հաջորդ ուստարում անակնկալներից զերծ մնալու համար. – «Deepalance ծրագիրը, որը մենք հատուկ սիստեմ ենք գնել, որպեսզի մեր դպրոցն այդ սիստեմով աշխատի: Դա միայն մեր դպրոցի համար է գնված», – ասաց Թարգմանչաց վարժարանի տեսուչը:

Աղբյուրը՝  «Ազատություն» ռադիոկայան