Մայիսի 28 – ին մեր առաջին Հանրապետության տարեդարձի օրը հիմնադրվեց «Իսրայելահայեր» յութուբյան ալիքը  

0
892

Իսրայելահայ իրականության մեջ երբ որոշեցի առաջին արևելահայերն թերթը տպագրել, նոր էի տեղափոխվել Իսրայել՝ 2004 թվականն էր:  19-րդ դարում Մերձավոր Արևելքում առաջին տպարանն ու տպագրության հրաշքը Սուրբ երկիր բերած մեր ժողովուրդը տեղեկատվական հարթակ չուներ, որով կներկայանար ոչ միայն համայնքին ու կներկայացներ համապարփակ տեղեկատվություն, այլև կհամագործակցեր Սփյուռքյան մյուս լրատվամիջոցների ու իհարկե Հայաստանյան լրատվամիջոցների ու կառավարության հետ: 4 տարի շարունակ հայ գործարար ու բարերար Հայրապետ Հովհաննիսյանի աջակցությամբ տպագրվեց ու բոլոր խողոր հայաշատ կենտրոններում անվճար բաժանվեց մեր թերթը: Ֆինանսական ու հայտնի հիմնախնդիրների պատճառով թերթի տպագրությունն ու անվճար բաժանումը միաժամանակ դադարեցվեց և  այնուհետև որոշեցի տեղեկատվությունն ավելի մատչելի դարձնելու համար ստեղծել թերթի համացանցային տարբերակն, որը սկսեց գործել 2019 թվականից:

Գրեթե բոլոր խոշոր հայկական կենտրոններից ու համայնքներից լսվում են վերլուծություններ տարբեր  հիմնախնդիրներին վերաբերող, սակայն ինչպես կռահում եք կա մեկ համայնք, որն ուժեղացնելու Հայրենիքին ու Սփյուռքին կապելու յուրահատուկ անհրաժեշտություն է զգում: Խոսքն Իսրայելի հայկական համայնքի մասին է: 

Մայիսի 28 – ին մեր առաջին Հանրապետության տարեդարձի օրը հիմնադրվեց «Իսրայելահայեր» յութուբյան ալիքը:  

Այնպիսի ուշագրավ հարցերի ենք  անդրադառնալու, որ երբևէ, հայկական կամ սփյուռքյան որևէ լրատվամիջոցի եթերներում կամ կայք էջերում չեք հանդիպել: Ահա ներկայացնում են այն նախնական հարցաշարն, որի շուրջ զարգացնելու ենք մեր հաղորդումների շարքը:

Հնարավոր է արդյո՞ք սերտացնել հայ-հրեական շփումները, կարելի է արդյո՞ք ռազմավարական առումով սկսել համագործակցել հրեական պետության հետ: Ի վերջո Իսրայելը ճանաչելու՞ է Հայոց Ցեղասպանությունը, թե դա այլևս մեր համայնքի համար էական դեր չի խաղում: Ի՞նչ խնդիրներ ունի նոսրացած ու տարբեր քաղաքներում բաժանված հայկական հին ու նոր համայնքները:

Շտապեմ տեղեկացնել, որ համայնքային կազմակերպությունների ու Երուսաղեմի  Հայոց Պատրիարքարանի գործունեությանը վերաբերող քննադատական խոսքի սպասելիքներ չպետք է ունենալ, քանզի գրեթե երկու տասնամյակ մնացել եմ այն կարծիքին, որ կեղտոտ լվացքն, օտարների շրջանում և նույնիսկ մեզանում, դրսում փռելը չի բխում հայկական ցանկացած համայնքի շահերից և համայնքային գետնի վրա տարվող աշխատանքների նպատակը համայնքի ընդհակառակը միացումն ու հզորացումը պետք է լինի, ինչքան էլ ներքին ու արտաքին ուժեր փորձեն պառակտել, ուստի կեղտոտ խոհանոցային պարագաները լվացարանում կդնենք ու շարունակելով թեման հավելեմ, որ անդրադառնալու ենք տեղի հոգևորականների ու պատմաբանների հետ միասին կրոնի, դավանանքի, ուխտատեղիների ու մեր իրավունքների հիմնահարցերին նաև:

Առաջին անգամ համապարփակ ու տարբեր տեսակետներ ներկայացնելով կանդրադառնանք նաև Իսրայել պետությանը: Զորօրինակ՝  ի՞նչպիսի նորարարական ռազմական տեխնոլոգիաներ ունի Իսրայելն, ինչպիսի՞ բանակային համակարգ, երկրի թիկունքն ինպե՞ս է գործում պատերազմների ու  ռազմական գործողությունների ժամանակ, ինչպե՞ս է տեղի ունենում պահեստազորի հավաքները: Իսրայել պետության տնտեսական հրաշքը, բանկային համակարգը:

ՈՒշագրավ թեմա է Իսրայել պետության դատական համակարգը: Մի պետության իրավական համակարգ, որը չունի սահմանադրություն, նույնիսկ որոշ օրենքներում դեռ Օսմանյան օրենքների մնացուկներ կան, բայց պետություն, որը համարվում է ժողովրդավարության օազիսը Մերձավոր Արևելքում:

Չափազանց հետաքրքիր է կարծում եմ հայրենադարձության օրինակն Իսրայելի: Ժամանակին Հայաստանի կառավարության տարբեր տրամաչափերի, չակերտների մեջ մեծ ու փոքր պաշտոնյաների հետ տարբեր շփումներ ունեցել եմ, բայց մինչև օրս չկա հստակ ծրագիր ու եթե նույնիսկ կան էլ թղթի վրա գրված ծրագրեր, ապա ֆինանսական հիմքը չենք տեսնում:

Մենք անընդհատ խոսում ենք մեր մշակույթից ու պատմությունից, մեր հայկական ավանդույթներից ու սովորույթներից, որոնք հազարամյակների պատմություն ունեն, սակայն իմ կարծիքով ամենակարևոր արժեքը հայ մարդը պետք է լինի: Իսրայելը վաղուց է հասկացել ու հստակ իր քաղաքականության ուղեծիրը նշել է և ստեղծման օրվանից իր երկիրը հրեաներով վերաբնակեցնելու քաղաքականությունն է տանում: Ի տարբերություն Հայաստանի նախկին սփյուռքի նախարարության ու ներկայումս հանձնակատարի գրասենյակի, Իսրայլում գործում է երկրի հիմնադրումից հետո Աբսորբցիայի, այսինքն  ինտեգրման նախարարությունն, որը ճիշտ է ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց առյուծի բաժինը «Հրեական միջազգային ծառայությանն» է բաժին ընկնում, որը հանգանակություններ է ստանում հրեական սփյուռքից:  Իսրայելում գումարներն հանգանակության ուղարկում են ոչ թե ճանապարհ, հիվանդանոց ու դպրոց կառուցելու համար, այլ հրեաներին տուն տանելու ու կյանքի պայմաններ ստեղծելու համար ու մեկ տարի ֆինանսապես օգնելու համար: Տասնամյակներ Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները կազինոներում ժամանակին մսխելու փոխարեն հային էր պետք բերել Հայաստան, իսկ հայ մարդը հրեայից պակաս կառուցող ու ստեղծագործող չէ:

Չափազանց հետաքրքիր է անապատային պայմաններում գրեթե ինքնաբավ մրգեր ու բանջարեղեն արտադրելու հրեական փորձը, ծովի ջրի մաքրման, անապատում ձկնաբուծարաններ ունենալու ուշագրավ փաստերը: Արևային էլեկտրակայանների ու նույնիսկ տնային էլեկտրակայանների, ինքնաբավ էկո գյուղերի ու կիբուցային համակարգի ուսումնասիրությունը:

Այնքան շատ են հետաքրքիր թեմաներն, որ առաջ Աստված, դեռ կփորձենք միասին հասկանալ ու վերլուծել:

Խնդրում եմ Ձեզ բաժանորդագրվել իմ Յութուբյան ալիքին, սեղմել լայք ու կիսվել, որպեսզի առավել մեծ քանակությամբ մարդիկ հնարավորություն ունենան տեսնել ու վերլուծել այն տեղեկատվությունն, որ այսօր փոխանցելու եմ Ձեզ սիրելի իմ հայրենակիցներ:

«Իսրայելահայեր» – ի խմբագրության անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում համակարգչային գրաֆիկայի, մոնտաժի ու մեր ալիքի ստեղծմանն աջակցած համակարգչային գրաֆիկայի ու հեռուստատեսության եթերային մասնագետ Գարուշ Նալբանդյանին: 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here