Saturday, June 20, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ FPV հարվածներից մինչև տարածաշրջանային ճնշում․ Իսրայել–Հեզբոլլահ ճակատի նոր փուլը

FPV հարվածներից մինչև տարածաշրջանային ճնշում․ Իսրայել–Հեզբոլլահ ճակատի նոր փուլը

0
140

Երեկ հայտնի դարձավ, որ երկու օր առաջ՝ հրադադարի և ԱՄՆ-Իրան համաձայնության հուշագրի ստորագրումից անմիջապես առաջ, Լիբանանում խոցվել էր մեկ Մերկավա տանկ։ Զոհվել էին անձնակազմի բոլոր չորս անդամները, այդ թվում՝ 52-րդ տանկային գումարտակի հրամանատար Դոր Բեն Սիմխոնը, իսկ ավելի ուշ վիրավորվել էին ևս հինգ զինծառայողներ։

Իսրայելի բանակի լրատվական ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ այդ հինգ զինծառայողները վիրավորվել են հենց հարվածային անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով։ Սա հերթական դեպքն է, երբ հարավային Լիբանանում գործող իսրայելական ստորաբաժանումները ենթարկվում են բարձր ճշգրտության անօդաչուների հարվածներին։

Մերկավա տանկի դեպքում անձնակազմի ամբողջական կորուստը համեմատաբար հազվադեպ երևույթ է։ Տանկը հատուկ նախագծված է անձնակազմի պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու համար և դիմային հատվածում տեղակայված շարժիչը լրացուցիչ պաշտպանական շերտ է ստեղծում խոցումների ժամանակ։ Այս պահին դեռ Իսրայելի բանակի լրատավական ծառայությունը չի հայտնել, թե տանկը ինչ միջոցով է խոցվել:

Դեպքին ի պատասխան Իսրայելը իրականացրեց լայնածավալ պատասխան գործողություններ՝ կիրառելով ավիացիա, հրետանի և այլ ծանր խոցման միջոցներ։ Թիրախավորվեցին Հեզբոլլահի մի շարք ենթակառուցվածքներ և դիրքեր, իսկ իսրայելական աղբյուրները հայտնում են լայնածավալ հարվածների և ավելի քան 100 խոցված թիրախների,  ահաբեկիչների տասնյակ զոհերի մասին։

Այս պահին, ըստ իսրայելցի ռազմական վերլուծաբանների գնահատականների, Նաբաթիան և հարակից տարածքները գտնվում են ուժեղ օպերատիվ ճնշման տակ, իսկ մի շարք ռազմավարական բարձունքներ վերահսկվում են իսրայելական ուժերի կողմից։

Կողմերը շարունակում են վարել սահմանափակ ինտենսիվության մարտական գործողություններ՝ հիմնականում անօդաչու համակարգերի, հետախուզության և տեղային հարվածների միջոցով։ Չնայած հարաբերական վերահսկողությանը, հրեական բանակի կողմից վերահսկվող հատվածներում մարտերը չեն դադարում։

Հունիսի 23-ին նախատեսված են Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների հերթական բանակցությունները, իմ գնահատմամբ, դժվար թե բերեն էական բեկման, քանի որ կողմերի ռազմավարական մոտեցումները շարունակում են մնալ խորապես հակասական։ Թեև Լիբանանի կառավարությունը պաշտոնապես հանդես է գալիս երկրի ներսում գործող բոլոր ոչ պետական զինված խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլլահի, զինաթափման և պետական վերահսկողության ամրապնդման անհրաժեշտության դիրքորոշմամբ, գործնականում այդ գործընթացը բարդանում է երկրի ներքին քաղաքական և անվտանգության հավասարակշռությունների պատճառով։

Հեզբոլլահը, մի շարք արևմտյան երկրներում և Իսրայելում, պաշտոնապես ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և Իրանից սնվող ուժ և Իրանի պրոքսի, մինչդեռ այլ միջազգային դերակատարների մոտ դրա կարգավիճակը գնահատվում է տարբեր կերպ՝ կախված քաղաքական և իրավական մոտեցումներից։

Լիբանանի բանակը սահմանափակ ռեսուրսներով, իմ կարծիքով թույլ, վատ զինված և ներքին զգայուն քաղաքական պայմաններում գործող կառույց է, որը հաճախ ստիպված է հաշվի նստել երկրի ներսում ուժային բալանսի հետ։ Այս պայմաններում Հեզբոլլահի զինաթափման կամ լիարժեք պետական վերահսկողության հաստատման փորձերը բախվում են ինչպես ներքին դիմադրության, այնպես էլ տարածաշրջանային լայն հակամարտության ազդեցությանը։

Վերջին օրերին շրջանառվում են նաև գնահատականներ, որ Սիրիայի նախագահ Ալ Շառաայի հնարավոր ներգրավումը կամ քաղաքական օգտագործումը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ գործոն Հեզբոլլահի նկատմամբ ճնշման մեխանիզմներում։ Սակայն նման սցենարը ներկայումս առավելապես մնում է վերլուծական և դիվանագիտական քննարկումների մակարդակում և չունի հստակ գործնական հաստատում։

Իմ կարծիքով կանգնած լինելով թե տնտեսական թե քաղաքական լուրջ մարտահրավերների առջև նախկին ահաբեկիչ, այժմ կոստյում հագած ու Էրդողանի և իր զինյալների «թեթև ձեռքով» իշխանությունը գրավված և ալավիտների, դրուզների ջարդեր կազմակերպած «Սիրիայի լեգիտիմ նախագահը» դժվար թե զորքեր մտցնի Լիբանան՝ Հեզբոլլահի շիա ահաբեկիչներից վրեժ լուծելու համար և իմ համոզմամբ սա որպես առաջարկվող այլընտրանք Իսրայելյան բանակի Լիբանանի տարածքի գրավմանը չի կարող դիտարկվել:

Ասել կուզի, որ նաև հաշվի առնելով տարածաշրջանային ուժային բալանսը, Սիրիայի ներքին իրավիճակը և Լիբանանի բարդ քաղաքական կառուցվածքը՝ այս պահին քիչ հավանական է, որ Դամասկոսը ուղղակի ռազմական կամ օպերատիվ դեր ստանձնի Լիբանանում գործող հակահեզբոլլահյան գործողություններում։ Ավելի իրատեսական է, որ Սիրիայի հնարավոր ներգրավումը կսահմանափակվի դիվանագիտական կամ սահմանային անվտանգության համատեքստով։

Միևնույն ժամանակ, Իսրայելի համար պահպանվող այս իրավիճակը ունի բարձր գին՝ պարբերաբար արձանագրվող զոհերով և վիրավորներով, ինչի պատճառով բանակը մեծ ռեսուրսներ է ներդնում հակաօդային պաշտպանության միջոցների զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման մեջ՝ ներառյալ ուկրաինական պատերազմի փորձի ուսումնասիրությունը։

Վերջին ամիսներին անօդաչու համակարգերի դեմ պայքարը, հատկապես FPV – օպտիկակաբելային մինչև 40կմ հեռավորությամբ կառավարվող ԱԹՍ-ի դեմ դարձել է հակամարտության ամենակարևոր տեխնոլոգիական ուղղություններից մեկը, վստահ եմ, որ Իսրայելը կգտնի կարճ ժամանակ անց նաև հակաօդային պաշտպանության այդ մարտահրավերների բանալին։

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here