Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Երուսաղեմի սիրտը՝ կրակե շրջափակման մեջ․ հայկական թաղամասի պայքարի դառը և քաղցր պտուղները․...

Երուսաղեմի սիրտը՝ կրակե շրջափակման մեջ․ հայկական թաղամասի պայքարի դառը և քաղցր պտուղները․ «Սփյուռքի ձայնը»

0
452

Public Radio of Armenia · Սփյուռքի ձայնը 13․11․2025

Երուսաղեմի հայոց պատրիարքության պարիսպներից ներս վերջին տարիները նմանվել են դրամատիկ թատերաբեմի, որտեղ հազարամյա ժառանգության ճակատագիրը դրված է սակարկության սեղանին։ «Կովերի պարտեզի» գործարքը մի պատմություն է, որը սկսվեց ստվերային համաձայնությամբ, բորբոքվեց դիմակավորված անձանց հարձակումներով և հանգեց համայնքի աննախադեպ համախմբմանը՝ առաջին, բայց դեռևս ոչ վերջնական հաղթանակին։

«Իսրայելահայեր» ամսագրի հիմնադիր և խմբագիր, «Նաիրի» միության ղեկավար Արտյոմ Չերնամորյանի հետ զրույցը բացահայտում է այս բազմաշերտ պայքարի ամենաթեժ մանրամասները, որոնք հաճախ մնում են պաշտոնական հաղորդագրություններից այն կողմ։

«Սև գործարքը» և համայնքի զարթոնքը

Երբ համայնքը ոտքի կանգնեց, իսկ իրավական գործընթացներն սկսվեցին, մշակվեց նոր, բարեփոխված տարբերակ՝ «Կովերի պարտեզ 2»-ը, որով զիջվող տարածքը փոքր-ինչ կրճատվում էր։ Նախորդը ստորագրվել էր «Xana Capital» ընկերության հետ՝ 98 տարով վարձակալության տալով Հայկական թաղամասի տարածքի մոտ 25 տոկոսը։ Սա, սակայն, համայնքի համար ընդամենը խուսանավելու փորձ էր։ «Տարածքն էր մի քիչ փոքրացրած, բայց նորից մենք պետք է կորցնեինք մեր հողերը, մեր հայկական ժառանգությունը»,– ընդգծում է Արտյոմը՝ բացատրելով, թե ինչու համայնքը չհանձնվեց։ Հենց այս նոր առաջարկն էր, որ պետք է քննարկվեր վճռորոշ դարձած միաբանական ժողովում՝ սեպտեմբերի վերջին օրերին։

Երբ Երուսաղեմի սիրտը դարձավ պայքարի դաշտ

Արտյոմ Չերնամորյանը պատկերավոր նկարագրում է, թե ինչպես է հայ համայնքը վերածվել միասնական բռունցքի։ Սեպտեմբերի վերջին, երբ ժողովը պետք է կայանար, Երուսաղեմը դարձավ համահայկական ուխտատեղի։ «Մենք երկու-երեք օր շարունակ իրար հետևից մեկնում էինք Երուսաղեմ։ Իսրայելի տարբեր շրջաններից՝ հյուսիսային Հայֆայից, հարավային Բերշևայից, հավաքվում էինք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնեինք և հասկացնել տայինք միաբաններին, որ հայկական համայնքը դեմ է այդ գործարքին»։

Սեպը՝ Սիոն լեռան գագաթին

Ինչո՞ւ է «Կովերի պարտեզը» այդքան կարևոր։ «Իսրայելահայեր» թերթի խմբագիրը տալիս է ռազմավարական և խորհրդանշական բացատրություն։ «Անցնելով հայկական թաղամասի միջով, որը գտնվում է հրեաների սրբազան Սիոն լեռան գլխին, նրանք գնում են դեպի Լացի պատն աղոթելու։ Հայկական համայնքը կարծես սեպ է Սիոն լեռան գլխին, և նրանք ամեն ջանք պետք է գործադրեն, որպեսզի մեզ կամաց-կամաց հողազուրկ անեն»։ Այս տեսանկյունից գործարքը ոչ թե պարզապես անշարժ գույքի վարձակալություն է, այլ հայկական ներկայության հիմքերը խարխլելու ռազմավարական քայլ։

Հաղթանակ, որը պայքարի սկիզբն է

Համայնքի ճնշումը տվեց իր պտուղները։ Միաբանական ժողովը՝ պատրիարքի գլխավորությամբ, որոշում կայացրեց չեղարկել «Կովերի պարտեզ 2» պայմանագիրը։ «Սա առաջին, այսպես ասած, խոշոր հաղթանակն էր»,– նշում է Արտյոմը։ Սակայն սա պատերազմի ավարտը չէ։ Առաջին, ամենախնդրահարույց պայմանագիրը դեռևս դատական քննության փուլում է, և «Xana Capital»-ը հեշտությամբ չի հանձնվի։ Առջևում սպասվում է ծանր իրավական պայքար, որտեղ հայկական կողմը պետք է փոխհատուցի ընկերությանը պատճառված ֆինանսական վնասները՝ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ։

Անտարբերության գինը․ որտե՞ղ է Հայաստանը

Արտյոմ Չերնամորյանի խոսքում կարմիր թելով անցնում է մի միտք։ «Երբ հարձակում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա ամրակներով, որտե՞ղ է մեր կառավարությունը,– հարցնում է նա՝ նկատի ունենալով, որ Ժառանգավորաց վարժարանի սաները ՀՀ քաղաքացիներ են։ «Երուսաղեմի հայկական թաղամասի ճակատագիրը ոչ միայն տեղի համայնքի, այլ համայն հայության պատասխանատվությունն է։ Այսօրվա փխրուն հաղթանակը կարող է վաղը վերածվել անդառնալի կորստի, եթե համախմբումը չդառնա մշտական ու գործուն։ Այսօր ավելի, քան երբևէ պետք է գործել, որպեսզի մենք այստեղ՝ տեղում, զգանք ողջ հայության աննախադեպ աջակցությունը»։

Աղբյուրը՝ Սփյուռքի ձայնը 13․11․2025