Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԿԵՏԻ ՎՐԱ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԳՈՂԱՆԱԼ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԿԵՏԻ ՎՐԱ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԳՈՂԱՆԱԼ

0
231

«Հրապարակի» զրուցակիցն «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, իսրայելահայ գործիչ Արտյոմ Չերնամորյանն է: 

Թրամփը «հրաշալի» լուրով է կիսվել. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի խաղաղ կարգավորման նրա ծրագրին՝ Եգիպտոսում կողմերի, հյուրընկալող երկրի, ինչպես նաեւ՝ Կատարի եւ Թուրքիայի միջնորդությամբ: Մինչդեռ օրեր առաջ Գազայի ճակատագրի մասին բավականին հոռետեսական սցենարներ էին շրջանառվում՝ ընդհուպ պաղեստինցիների զանգվածային տեղահանում: Սպասելի՞ էր նման հանգուցալուծումը:

– Անկեղծ ասած, գիտեինք, որ բոլոր բանակցային կողմերի շնորհիվ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի աշխատանքներն առաջ տարվեն: Ինչպես գիտեք, Թրամփի առաջին ծրագիրը, փաստորեն, ի չիք դարձավ, որով նախատեսվում էր պաղեստինցիներին անկլավից տարհանել երրորդ երկիր, ուրիշ երկիր կառուցել, հետո նրանց, իբր, վերադարձնել: Բայց Թրամփը բոլոր կողմերից մերժվեց, բացի Իսրայելից: Իսրայելում այս որոշումը սպասելի էր, թեեւ առայժմ հարց է, թե շուրջ երկու տասնյակ կետից բաղկացած այս համաձայնագիրը որ փուլով եւ որ մասով պետք է իրականացվի: Բոլոր դեպքերում, այս հարցում Իսրայելը լուրջ զիջումների է գնացել:

Փաստորեն, Թրամփը կարողացավ հերթական բարդ հակամարտությունը դադարեցնել կամ առնվազն դրա հիմքերը դնել: Այն էլ մեկը, որը Պաղեստինի անկախության ճանաչման համար սուր քննադատության էր ենթարկել մի շարք երկրների: Քաղաքական նման վերադասավորում եւ շրջադարձ սպասելի՞ էր:

– Ես վստահ չէի պնդի, որ քաղաքական լուրջ վերադասավորումներ կլինեն, եւ կթողնեն, որ Պաղեստին պետությունն անկախություն ունենա, քանի որ մի շարք նախադրյալներ կան այս պայմանագրի մեջ: Նախ, պաղեստինցիները պետք է Ռամալլայում անցկացնեն ժողովրդավարական ընտրություններ, սակայն, ինչպես գիտեք, Մահմուդ Աբբասը քանի երկարուձիգ տարիներ ղեկավարն է Պաղեստինի ինքնավար մարզի, եւ ընտրություններ այդպես էլ չեն կայանում: Ես վստահ չեմ, որ արաբներն ու պաղեստինցիները մեկ օրում դեմոկրատ կդառնան, եւ նրանց համար պետության հնարավորություն կստեղծվի:

Արդեն հրապարակվել են գործարքի առաջին փուլի մանրամասները. Իսրայելը դադարեցնում է կրակը, իսկ, հավանաբար, գալիք երկուշաբթի կողմերի միջեւ տեղի է ունենալու պատանդների եւ գերիների փոխանակում, ինչպես նաեւ՝ զոհված պատանդների մարմինների հանձնում: Գազայում արդեն տոնում են խաղաղության շուրջ պայմանավորվածությունը, իսկ ի՞նչ տրամադրություններ են Իսրայելում:

– Իսրայելում նույնպես շատ դրական են ընդունել Թրամփի գիշերվա հայտարարությունը, որին հաջորդեց Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը: Ամենակարեւորը՝ մեծ հույսեր են փայփայում այն մարդիկ, որոնց երեխաներն ու հարազատները գտնվում են պատանդառության մեջ: Պատանդների ծնողներն են շատ ուրախացել: Բայց խնդիրն այն է, որ խոսք է գնում 48 հոգուց ընդամենը 20 ողջ մնացածների մասին, իսկ մնացած 28-ը դիեր են: Իսրայելական մամուլն արդեն գրում է, որ նույնիսկ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները չգիտեն, տարբեր թվեր են ասում, թե որտեղ են թաղված մարդկանց ոսկորները, մնացորդները: Բացառված չէ, որ այսկերպ ՀԱՄԱՍ-ը մտադիր է նոր պահանջներ ներկայացնել, քանի որ մշտապես «խաղեր է խաղում»: Այս ընթացքում նաեւ փորձ է եղել հարձակվել հրեական հսկիչ-անցագրային կետի վրա, զինվորներ գողանալ, որպեսզի նորից լավ դիրքերից բանակցեն Եգիպտոսում, սակայն այդ փորձերն ապարդյուն են եղել. հրեական ուժերը կարողացել են կասեցնել այդ հանկարծակի գրոհը:

Չնայած դրական արդյունքին եւ ստեղծված նախադրյալներին, ՀԱՄԱՍ-ը, այդուհանդերձ, հայտարարել է, որ չի հրաժարվելու պաղեստինցիների իրավունքների՝ ազատության եւ անկախության համար պայքարից: Սա կարո՞ղ է որոշակի ոչ ցանկալի «ճեղքեր» բացել՝ պայմանավորվածությունները չկատարելու համար:

– Ես, լավ իմանալով ՀԱՄԱՍ-ի ընդհանուր մտածելակերպը, քանի որ դեռեւս 2004 թ. եղել եմ Գազայի գոտում եւ հարցազրույցներ վերցրել պաղեստինցիներից (այդ ժամանակ Իսրայելը սկսել էր տարածքից զորքերի դուրսբերման գործընթացը, որն ավարտվեց 2005-ին՝ Շարոնի կառավարության օրոք), ահա՝ այդ զրույցների ընթացքում հասկացա, որ նրանց մենթալիտետը շատ է տարբերվում հասարակական համընդհանուր մտածելակերպից: 95 տոկոսով ավերված Գազա քաղաքի դեպքում նույնիսկ նրանք հայտարարում են, որ հաղթել են Իսրայելին: Սա է նրանց մոտեցումը, եւ վստահ չեմ, որ ՀԱՄԱՍ-ը նոր խնդիրներ չի ստեղծի բանակցությունների ընթացքում:

Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի, ասել է թե՝ ռազմական ուժի կիրառումը խաղաղության ծրագրի տապալման դեպքում երկընտրանք չունի: Ինչպիսի՞ զարգացումներ կլինեն, ո՞րն է ամենաիրատեսական հեռանկարը:

– Այո, ճիշտ եք: Ի դեպ, Իսրայելի Պնախարարն այսօր մեկնել է առաջնագիծ, եղել են հայտարարություններ, որ երկրի բանակը բերվել է ամենաբարձր մարտական պատրաստվածության աստիճանի: Պնդել են՝ պատրաստ են ցանկացած սցենարի, եթե ՀԱՄԱՍ-ը փորձի հերթական անգամ ձգձգել ստորագրված համաձայնագրի կատարումը եւ նոր պահանջներ ներկայացնել, քան այն, ինչ արդեն ամրագրվել է: Հակառակ դեպքում, Իսրայելը կարող է միակողմանի խզել համաձայնագիրն ու ռազմական գործողություններ սկսել: Հիշեցնեմ․ այս պահին Իսրայելի զորքերը գտնվում են Գազայի կենտրոնական շրջաններում, շատ քիչ տարածքներ կան, որոնք դուրս են հրեական բանակի վերահսկողությունից: Իսկ այն տարածքները, որոնք Իսրայելի վերահսկողության ներքո են, մեծապես ջլատել են ՀԱՄԱՍ-ի ուժերը՝ զրկելով դիմադրության օջախների միջեւ զենքի ու զինամթերքի փոխանցումը: Սպասենք, թե իրավիճակն ինչպես կզարգանա: Բայց արաբների հետ մեծ հույսեր կապել պետք չէ, երկարատեւ խաղաղության համար տարբեր ազդեցիկ գործոններ կան: Օրինակ, արաբները, ինչպեսեւ ադրբեջանցիները, մանկուց երեխաների մեջ սերմանում են շահիդ, մահապարտ դառնալու գաղափարը՝ անհավատներին, հրեաներին սպանելու մոլուցքով: Այդպես է նաեւ մահմեդական երկրներում, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում, որտեղ հայատյացությունը քաղաքականություն է, որը սկսվում է նախակրթարաններից եւ դպրոցներից: Տա Աստված, եթե Պաղեստինի խնդիրը փակվի, խաղաղություն հաստատվի, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի երկուստեք՝ թե՛ արաբների եւ թե՛ հրեաների շրջանում մտածելակերպ փոխվի: Առաջիկայում պետք է սպասել նաեւ, որ Նեթանյահուն նոր հայեցակարգով հանդես կգա՝ Իրանում իշխանափոխության նպատակով: Մեր տեղեկություններով, Իրանն ինտենսիվ զինվում է, իսկ Իսրայելը՝ վերազինվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : www. hraparak.am