Իսրայելում կառուցվել է Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված առաջին հուշարձանը

0
691
Լուսանկարում՝ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղադրված առաջին հուշարձանը նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին
Լուսանկարում՝ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղադրված առաջին հուշարձանը նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին

Այսօր Պետախ Տիկվա քաղաքում Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ տեղի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ կառուցված Հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի կառուցման հանձնախմբի մի խումբ անդամներ:

Իսրայելում Հայոց Ցեղասպանությանը նվիրված կան խաչքարեր, բայց դրանք տեղադրված են Երուսաղեմի հայկական թաղամասում կամ մեր եկեղեցիների բակերում, իսկ հրեական հողի վրա երկրի իշխանությունների թույլտվությամբ սա առաջին ու բացառիկ նախագիծն էր, որ սկսվել էր նախկին քաղաքապետ Իցխակ Բրավերմանի ժամանակ և նոր քաղաքապետ Ռամի Գրինբերգի աջակցությամբ շուտով ավարտին կհասցվի:

Քանի որ ցանկություն հայտնողները շատ էին, սակայն երկիրը դեռ մասնակի կարանտինի մեջ է, ուստի մարդկանց հորդորվել էր տարբեր ժամերի այցելել հուշարձան՝ մարդկային կուտակումներից խուսափելու համար: Հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված էր այսօր, ու նաև ծրագրված էր հյուրեր հրավիրել Հայաստանից, սակայն մեկ ամսից ավելի է, ինչ Իսրայելի միջազգային օդանավակայանը չի գործում, բոլոր երկրները կարանտինի մեջ են, ու սրանով պայմանավորված քաղաքային իշխանությունները հուշարձանի կառուցման հանձնախմբի հետ միասին որոշեցին բացման պաշտոնական արարողությունը հետաձգել:

Հուշարձանը պատրաստվել էր Հայաստանում ու տեղադրվել հունվար ամսին, սակայն որոշ կոսմետիկ աշխատանքներ դեռ ավարտված չեն մեկ ու կես ամիս շարունակվող կարանտինի պատճառով, չնայած որ հուշարձանն ամբողջությամբ պատրաստ է:

Երուսաղեմում երեկ երեկոյան վառվեց Սրբոց Հակոբյանց մայր տաճարի խաչը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Այսօր առավոտյան ժամը 10:00-ին, ըստ Երուսաղեմի հանձնախմբի տարածած հայտարարության, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության հուշարձանի դիմաց:

Երուսաղեմի «ՀՄԸՄ» նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը արարողությունից ներկայացրեց, որ զանգերը հնչեցին, իրենք այդ պահին հուշարձանի շուրջն էին:

Այս օրերին շատ հրեա մտավորականներ հարցումներ էին ուղարկում հայկական կազմակերպություններին` հետաքրքրվելով, թե ինչու հայերը չեն ուզում ցույց անել, որովհետև շատ փոքր խմբով կարելի է: Սերոբ Սահակյանի փոխանցմամբ` նկատի ունենալով Ռամադանը, որի առաջին օրն է այսօր, ոստիկանությունը հավանաբար պիտի քայլեր աներ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար` ճանապարհներ փակել և այլն, գերադասել են այս ծրագիրը: Առավոտյան ժամը 10:00-ին Երուսաղեմի հետ միասին, հյուսիսային Հայֆա քաղաքի ոչ միայն հայկական Սուրբ Եղիա, այլև բոլոր հարանվանությունների՝ հույն, լատին, անգլիական, հույն կաթոլիկ ու մարոնիթ եկեղեցիներն իրենց զանգերը հնչեցրին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, որով նաև հայտնեցին իրենց զորակցությունը հայ ժողովրդին: Առավոտյան ժամը 10:00-ին Իսրայելում հայ բնակչությունն ու բազմաթիվ հրեա մտավորականներ մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհվածների հիշատակը:

Աղբյուրը՝  «Ազատություն» ռադիոկայան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here