Saturday, March 14, 2026
Գլխավոր Էջ Գլխավոր Էջ Իսրայելի հայկական համայնքը դարձել է ավելի տոկուն պատերազմական իրավիճակների նկատմամբ.

Իսրայելի հայկական համայնքը դարձել է ավելի տոկուն պատերազմական իրավիճակների նկատմամբ.

0
23
Իսրայելի հայկական համայնքը դարձել է ավելի տոկուն պատերազմական իրավիճակների նկատմամբ.

Իսրայելի հայկական համայնքը դարձել է ավելի տոկուն պատերազմական իրավիճակների նկատմամբ. Չերնամորյանը մանրամասներ է հայտնել Պետախ Տիկվայից

Հեղինակ՝ Մանվել Մարգարյան

Աղբյուրը՝  Armenpresshttps://armenpress.am/hy/article/1244541

Մերձավոր Արևելքում պատերազմական գործողություններով պայմանավորված՝ իրավիճակը տակավին մնում է լարված։ Մասնավորապես, Իսրայելի հայկական համայնքն առաջին անգամ չէ, որ ականատես է լինում պատերազմական իրավիճակների և արդեն դարձել է ավելի տոկուն։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը տեղեկություններ հայտնեց Իսրայելում տիրող իրավիճակի մասին՝ անդրադառնալով նաև հայկական համայնքի կենսագործունեությանն առկա բարդ պայմաններում։   

«Իրավիճակը մնում է լարված, առավել ինտենսիվորեն հրթիռակոծվել են Իսրայելի հյուսիսային շրջանները, որտեղ ապրում են մոտ 3000 հայեր՝ ցրված տարբեր բնակավայրերում։ Հայֆա քաղաքում գործում է նաև հայկական եկեղեցին։ Լավ կազմակերպված համայնքը, բարեբախտաբար, ամուր է և կուռ, քանզի առաջին անգամ չէ, որ դիմակայում է պատերազմի արհավիրքներին։ Դեռևս 2006 թվականին «Հըզբոլլահ»-ը  հրթիռակոծում էր Իսրայելի տարածքը, այնուհետև եղավ 12-օրյա պատերազմը, իսկ հիմա դիմակայում ենք այս նոր մարտահրավերին։ «Հըզբոլլահ»-ն արդեն 300 հրթիռ է ուղարկել Իսրայելի հյուսիսային ու կենտրոնական շրջանների ուղղությամբ»,- հայտնեց Չերնամորյանը։։

Չերնամորյանը հավելեց, որ հայեր ապրում են նաև Երուսաղեմում, սակայն այդ քաղաքի ուղղությամբ համեմատաբար քիչ հրթիռներ են արձակվում, և օրվա ընթացքում տագնապի ազդականչերն այնտեղ  հնչում են 6-7 անգամ, այլ ոչ թե 15-16 անգամ, ինչպես այլ բնակավայրերում։ Պատերազմի սկզբնական օրերին Իսրայելի հյուսիսային ու կենտրոնական շրջաններում տագնապի կանչերն օրական հնչում էին 17-18 անգամ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, որի գործունեությանը, բնականաբար, հետևում են բոլոր իսրայելահայերը։

«Բարեբախտաբար, հայկական համայնքի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան, իսկ ինչ վերաբերում է նյութական կորուստներին, ապա որևէ հայ պատերազմական գործողությունների ժամանակ չի խոսում այդ մասին։ Մեզ համար կարևոր է մարդու կյանքը, ոչ թե մեքենայի կամ տան կորուստը։ Իշխանությունները պատրաստ են հոգալ բոլոր ծախսերը։ Իսրայելում գործում է ապահովագրական համակարգ։ Ճիշտ է՝ փոխհատուցումը կարող է և անմիջապես չլինել, որովհետև դրա համար պահանջվում է որոշակի ժամանակ, սակայն նյութական կորուստներն անպայման փոխհատուցվում են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ Իսրայելում կա տագնապի լավ գործող համակարգ, ազդականչերը հնչում են նախապես, բնակիչներին տրվում է մի քանի րոպե ժամանակ, որպեսզի պատսպարվեն մոտակա ռմբապաստարաններում։ Տագնապի ազդականչերից հետո սովորաբար բնակավայրերը ենթարկվում են զանգվածային հրթիռակոծման։ Պետախ Տիկվա քաղաքը երեկ նույնպես հրթիռակոծվել է։

«Այդ ժամանակ ամբողջ կյանքն ասես կանգ է առնում, մարդիկ իջնում են ռմբապաստարաններ, որտեղից լսելի է օդում պայթող հրթիռների ձայնը։ Իրանն օգտագործում է նաև բալիստիկ կասետային հրթիռներ։ Իրավիճակը չափազանց ծանր է հատկապես երեխաների համար։ Մեծահասակներն աշխատում են, երեխաները մնում են տանը։ Անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեծահասակներից որևէ մեկը մշտապես մնա նրանց հետ։ Կառավարությունը մշակել է մի ծրագիր, որի համաձայն՝ այն ծնողները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա, կարող են աշխատել սահմանափակ ռեժիմով և ապահովագրական ծառայությունից ստանալ աշխատավարձի մինչև 75 տոկոսը՝ մնալով տանն իրենց մանկահասակ երեխաների հետ։ Հոգեբանորեն, իհարկե, ծանր է։ Ամենասարսափելին այն է, երբ 600 կիլոգրամանոց մարտագլխիկով հրթիռը 100 կիլոմետր բարձրությունից ընկնում է բնակավայրերի վրա, էլ չասած կասետային միջուկների մասին, որոնք պայթում են՝ մահաբեր բեկորներ սփռելով 2-3 կիլոմետր շառավղով։ Ահավոր է, եթե այդ պահին մարդիկ գտնվում են բաց տարածությունում և արագ պատսպարվելու տեղ չունեն։ Նրանք պարզապես պառկում են գետնին ու ծածկում իրենց գլուխները։ Բայց նույնիսկ այդ պարագայում երաշխիք չունեն, որ չեն վիրավորվի կասետային միջուկների պայթյունից։»,- նշեց իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։

Նրա տեղեկացմամբ՝ Իսրայելի շատ բնակավայրերում կան հին շենքեր, որոնք չունեն ռմբապաստարաններ, հետևաբար քաղաքային իշխանություններն առանձին տեղերում կառուցել են նման կառույցներ, որոնք գտնվում են բնակելի հատվածներից մինչև 200 մետր հեռավորության վրա։ Կան նաև հասարակական ռմբապաստարաններ, որոնք նախատեսված են նրանց համար, ովքեր հրթիռակոծումների ժամանակ գտնվում են դրսում, սակայն կարող են շատ արագ մոտակա կառույցներում պատսպարվել։ Դրանցում որոշ ժամանակ մնալու համար կան առավելագույն չափով պատշաճ պայմաններ։

1980-ական թվականներին Իսրայելում շենքները կառուցվել են այնպիսի նախագծով, որ յուրաքանչյուր բնակարանի սենյակներից մեկը պաշտպանված է, ունի կրկնակի հաստությամբ բետոնե պատեր։ Տագնապի ժամանակ հատկապես բարձր հարկերում ապրողները, ովքեր ժամանակ չունեն անմիջապես իջնել ռմբապաստարան, կարող են պատսպարվել այդ սենյակներում։

«Այն շենքը, որտեղ բնակվում է իմ ընտանիքը, բարեբախտաբար, ունի ռմբապաստարան՝ նախատեսված 16 հոգու համար։ Տարածքով այնքան էլ մեծ չէ, բայց այնտեղ կա սանհանգույց, մշտական ջուր։ Ես մեր շենքի համատիրության ղեկավարն եմ, բնակիչներով, սեփական միջոցների հաշվին կարողացել ենք մեր ռմբապաստարանում ապահովել հարմար պայմաններ։ Մարդիկ կարող են սնվել և որոշ ժամանակ մնալ այդտեղ։ Տեղադրել ենք  հովհարային համակարգ և տեսախցիկներ, տեսնում ենք, թե ովքեր են մոտենում, որպեսզի դուռը բացենք կամ թողնենք փակ։ Իսրայելն աշխարհում քաղաքացիական պաշտպանության մակարդակով ամենաառաջատար երկրներից է, որի յուրաքանչյուր քաղաքացին գիտի, թե անհրաժեշտության դեպքում ուր պետք է գնա և ինչպես պաշտպանվի արհավիրքներից»,- ասաց Չերնամորյանը։ 

Պատերազմի առաջին օրերից նկատելի է պարենային և այլ ապրանքների զգալի գնաճ, սակայն մեր զրուցակցի հավաստմամբ՝ սննդամթերքի սղություն չկա։ Մարդիկ տանը նստած պատվիրում են սնունդ և ստանում համապատասխան ծառայությունների միջոցով։ Հանրային տրանսպորտը, խանութներն ու ռեստորաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Ինտերնետային կապը չի խաթարվել, թեև գործում է որոշակի գրաքննություն, որի պայմաններում չի կարելի լուսանկարել հրթիռակոծման վայրերն ու լուսանկարները զետեղել համացանցում։ Թանկացել է հատկապես վառելիքը։

«Իսրայելը հսկայական գումարներ է ծախսում այս պատերազմի օրերին։ Ամեն անգամ թվով 400 ինքնաթիռներ իրականացնում են մարտական թռիչքներ, որոնցից 200-ն ուղևորվում են Լիբանանի, իսկ մյուս կեսը՝ Իրանի ուղղությամբ։ Ավելի քան 10000 միավոր տարատեսակ զինամթերք է օգտագործվել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ շենքի փլուզման կամ ռազմավարական նշանակության օբյեկտի խոցման պատճառ լինել։  Ինքնին հասկանալի է, որ ռազմական ծախսերը կազմում են միլիարդավոր դոլարներ։ Սարսափելի է այն գիտակցումը, որ շուրջդ զոհվում են մարդիկ։ Արդեն կան տասնյակ զոհեր, ավելի քան 1700 վիրավորներ»,- ասաց իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։

Տեղաբնակ հայերին անչափ մտահոգում է երկրի տարբեր հատվածներում ապրող հայրենակիցների ճակատագիրը։ Չնայած առկա լարված իրավիճակին՝ իսրայելահայերի շրջանում խուճապային տրամադրություններ չկան, երկրից արտագաղթելու ցանկություն՝ նույնպես։ Այստեղ գործում է ՀՀ դեսպանատունը։ Թեև երկրի օդային տարածքը փակ է, բայց մարդիկ շրջափակման մեջ չեն։ Հնարավոր է ցամաքային ճանապարհով անցնել Եգիպտոս, ինչպես նաև ծովային ճանապարհով հասնել Կիպրոս։

«Իսրայելի հայկական համայնքն արդեն ականատես է եղել պատերազմական իրավիճակների, դարձել է ավելի տոկուն։ Պատերազմը որևէ մեկին օգուտներ չի բերել, մեզ ավելի շատ մտահոգում է մեր երեխաների անվտանգության հարցն ու սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը։ Դրանց գումարվում են հոգեկան տառապանքն ու ծանր ապրումները։ Չնայած այս ամենին՝ հայերը դիմացկուն են։ Մենք մտածում ենք նաև Իրանում բնակվող մեր հայրենակիցների մասին։ Տա Աստված, որ այս փորձությունից դուրս գանք առանց զոհերի»,- եզրափակեց Չերնամորյանը։            

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here