Ուրբաթ, 2026 թվականի փետրվարի 13-ին, առավոտյան ժամը 9-ին, Քրիստոնեական միասնության պապական խորհրդի նախագահ՝ կարդինալ Կուրտ Քոխը, Սուրբ Երկրի պապական նվիրակ, գերապայծառ Տ. Ադոլֆո արքեպիսկոպոս Տիտո Ըլանայի առաջնորդությամբ, այցելեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան և հանդիպեց Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան պատրիարքի հետ։
Հանդիպման ընթացքում Ամենապատիվ Պատրիարքը բարձր գնահատեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու միջև եղբայրական հարաբերությունները և համագործակցության ոգին։
Կարդինալ Քոխը, շնորհակալություն հայտնելով Պատրիարքին, իր ուրախությունն արտահայտեց՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայոց Պատրիարքարանի հարկի տակ՝ այն ժողովրդի Պատրիարքարանի ներսում, որը առաջինը աշխարհում ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, ունի քրիստոնեական խոր արմատներ, հարուստ մշակույթ և, բազմաթիվ փորձությունների միջով անցնելով, մինչ այսօր անսասան պահպանում է իր քրիստոնեական արժեքները։
Հանդիպմանը ներկա էին նաև Տնօրեն ժողովի նախագահ՝ գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը, ավագ թարգման, հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Ալեքյանը և դիվանապետ, հոգեշնորհ Տ. Աղան վարդապետ Գոգչյանը։
Աղբյուրը՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիեան պաշտոնական կայք















