Thursday, March 5, 2026
Գլխավոր Էջ ՔԱՂԱՔԱԿԱՆ Հայաստան –Իսրայել քաղաքական հարաբերություններ. հնարավորությունների պատուհան «TRIPP»-ի ՝ «Զանգեզուրի ճանապարհի» ֆոնին

Հայաստան –Իսրայել քաղաքական հարաբերություններ. հնարավորությունների պատուհան «TRIPP»-ի ՝ «Զանգեզուրի ճանապարհի» ֆոնին

0
630

Սիրելի հայրենակիցներ. Հայաստանում և միջազգային հարթակներում շատ վերլուծաբաններ փորձում են վերլուծել ու ներկայացնել իրենց տեսակետները ԱՄՆ – ի նախագահի հովանու ներքո նախաստորագրված համաձայնագրերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ռուսաստանից սնվող ու ռուսական ծիրում պտտվող վերլուծաբաններն էլ ջանք ու եռանդ չեն խնայում «Զանգեզուրը» թուրքերին ծախելու նարատիվն առաջ տանելու հետ կապված:

Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով ու վերլուծել այս նախաստորագրված համաձայնագրերի հնարավոր դրական ազդեցություններն հայ – հրեական հարաբերությունների զարգացման վրա: Որոշեցի թեմաները բաղդատել ու դիտարկել թե ռազմաքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, թուրքական ու ազերական համատեքստերում: Չեմ անդրադարձել մշակույթային ու ժողովրդական դիվանագիտության հրաշքներին, քանզի գետնի վրա դեռ չկան նման զարգացումներ:

1) Ռազմաքաղաքական ու տնտեսական համատեքստ

  • ԱՄՆ-ի դերակատարության աճը Հարավային Կովկասում (վաշինգտոնյան եռակողմ հանդիպում և հռչակագիր) բացում է նոր «խաղի կանոններ», որտեղ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը (նախ՝Զանգեզուրի ճանապարհը/նոր փաթեթավորումը՝ TRIPP) դառնում է ոչ թե ռուս-թուրք-իրանական փակ բանակցությունների թեմա, այլ արևմտյան անվտանգության ու տնտեսական ճարտարապետության մաս։ Այս քայլը նվազեցնում է Մոսկվայի և Թեհրանի մենաշնորհը ուղիների վրա և մեծացնում է Վաշինգտոնի լծակները Երևան–Բաքու օրակարգում։ forbes.com, thesoufancenter.org, ReOpen
  • ԱՄՆ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիր Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության հռչակագիրը նպատակ ուներ ոչ միայն ամրացնել տարածաշրջանային կայունությունը, այլև ամերիկյան ազդեցության գոտին տարածել Հարավային Կովկասում։ Ռազմական տեսանկյունից սա Իսրայելին հնարավորություն է տալիս դիտարկել Հայաստանը ոչ միայն որպես հակամարտության կողմ, այլ որպես միջազգային վերահսկողության ներքո կայունացող գործընկեր։
  • Ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության աճը Հայաստանում՝ ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությունը՝ զուգորդված հայ-ամերիկյան զորավարժություններով, Երևանին տալիս է. Բազմավեկտորության լեգիտիմություն՝ դուրս գալու «կախվածության» երկընտրանքից, Բանակցային մեծացրած հարթակ՝ սահմանազատում/հաղորդակցություններ/անվտանգություն փաթեթավորման մեջ, Ներքին կայունության «սոցիալական կապիտալ»՝ երբ արտաքին անվտանգության կեցվածքը դառնում է կանխատեսելի։ Օգոստոսի 5 – ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, որի ժամանակ քննարկվել էր նաև Հայաստանի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը: ԱՄՆ-ն այսպիսով իր վրա վերցրեց կողմերին նույն սեղանին բերելու գործառույթը, քանզի Հայաստանի Եվրոպական բարեկամների հետ Ադրբեջանը չէր բանակցի: Պետք է հիշել Ադրբեջանի Ֆրանսիական Նոր Կալեդոնիայում կազմակերպված խժդժությունները:
  •  Միաժամանակ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը ինստիտուցիոնալացվում է «Eagle Partner 2025» խաղաղապահ մարզումներով, ինչը ոչ միայն պրակտիկ պատրաստականություն է, այլ նաև քաղաքական ազդակ՝ Հայաստանի անվտանգության բազմավեկտորության ամրապնդման մասին։ am.usembassy.gov, The Armenian Report, ReOpen: Սա նվազեցնում է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանի վրա և ստեղծում է Իսրայելի համար ավելի կանխատեսելի անվտանգության միջավայր, որը կարող է հիմք հանդիսանալ ռազմատեխնիկական և հետախուզական համագործակցության ընդլայնման համար։
  • Ադրբեջանի ռազմական կապերը Թուրքիայի հետ –Զանգեզուրի միջանցքի թուրքական մոդելը կուժեղացներ թուրք-ադրբեջանական ռազմական ինտեգրացիան՝ ստեղծելով նոր սպառնալիք Իսրայելի համար, որը հետաքրքրված է զսպել Անկարայի տարածաշրջանային ուժեղացումը։ Եթե ԱՄՆ–Հայաստան կապը ամրապնդվի, Իսրայելի համար կարող է առաջանալ նոր հավասարակշռության առանցք՝ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության սահմանափակման համար։
  • Իրանի ներկայությունը տարածաշրջանում – Հայաստանը միակ հյուսիսային սահմանակիցն է Իրանի հետ, որն ունի արևմտյան անվտանգության հետ համագործակցության հնարավորություն։ Իսրայելի համար սա կարող է դառնալ անուղղակի հետախուզական և լոգիստիկ հարթակ, եթե հարաբերությունները խորանան, չնայած արդեն իսկ Ադրբեջանի ու Արցախի տարածքները բավական հաջողությամբ Իսրայելն օգտագործեց Իրանի նկատմամբ լրտեսություն և ԱԹՍ-ներով հարված հասցնելու համար:։
  • Ավելի հնարավոր դրական սցենար է ուրվագծվում Հայ – Իրանական բանակցությունների ֆոնին:  Հայաստանը կարող է դառնալ Իսրայելի համար Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հարթակ, ինչպես Ադրբեջանը թուրք-հրեական հարաբերություններում:

Նոր տնտեսական օրակարգը հայ-ամերիկյան հարաբերություններում

Վաշինգտոնի միջնորդական և անվտանգային ակտիվության ֆոնին առաջացել է նաև տնտեսական շեշտադրումների երկրորդ շերտ, որը կարող է փոխել Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում և, անուղղակիորեն, նաև Իսրայելի տնտեսական ու տեխնոլոգիական հետաքրքրությունները.

  1. NVIDIA-ի մուտքը Հայաստան – ամերիկյան տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ Հայաստանում կստեղծի տարածաշրջանում ամենամեծ տվյալների կենտրոնը (datacenter)։
    • Սա ոչ միայն բարձրացնում է Հայաստանի դիրքը որպես տվյալների մշակում և AI հարթակ, այլ նաև ապահովում է ենթակառուցվածքային կապերն ամերիկյան և համաշխարհային տեխնոհսկաների հետ։
    • Իսրայելի համար սա ստեղծում է հավելյալ հնարավորություն՝ հայ-իսրայելական joint venture նախագծերի՝ հատկապես AI, կիբերանվտանգություն և գյուղատնտեսական տեխնոլոգիաների (agritech) ոլորտներում։
  2. Մոդուլային ատոմակայանի (SMR) կառուցման առաջարկ – ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանի էներգետիկ անկախության և «կանաչ ատոմային էներգիայի» անցման տեսանկյունից ռազմավարական է։
    • Սա կնվազեցնի էներգետիկ կախվածությունը ոչ միայն Ռուսաստանից, այլև կբարձրացնի տարածաշրջանի էներգետիկ կայունությունը։
    • Իսրայելի համար սա նաև հնարավորություն է՝ իր էներգետիկ տեխնոլոգիաները (վերականգնվող, ջրի աղազերծում, սառեցման համակարգեր) ինտեգրելու նոր էներգետիկ ենթակառուցվածքների հետ և լայն համագործակգության հեռանկարներ կարող են բացվել Իսրայելի ատոմային էներգետիկայի ոլորտի տարբեր ձեռնարկությունների հետ։
  3. Կիսահաղորդիչների (semiconductors) արտադրության գործարան – այս ոլորտում ԱՄՆ ներդրումը կդարձնի Հայաստանը միակ երկիրը տարածաշրջանում, որն ունի արևմտյան ստանդարտներով չիպերի արտադրություն։
    • Սա խթանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի ձևավորումը և կարող է բնական կամուրջ ստեղծել դեպի Իսրայելի բարձր տեխնոլոգիաների շուկան, որն իր հերթին հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկն այս ոլորտում։
  4. Մետալուրգիական գործարանի կառուցում – նպատակ ունի զարգացնել հումքային վերամշակման և արդյունաբերական արտահանման կարողությունները։
    • Եթե ճիշտ կառավարվի, կարող է ապահովել մատակարարման շղթաների կայունություն այն նախագծերի համար, որտեղ Հայաստանը և Իսրայելը կարող են համագործակցել՝ օրինակ պաշտպանական արդյունաբերության կամ քաղաքացիական շինարարական տեխնոլոգիաների ոլորտում։

Սա մեզ հայտնի հիմնական տնտեսական ծրագրերն են այս պահին:

2) Արդյո՞ք «Զանգեզուրի միջանցքի» թուրքական մոդելը բխում է Իսրայելի շահերից

Իմ թեզը՝ որ Անկարայի «միջանցքային» տրամաբանությունը չի բխում Իսրայելի շահերից, իմ կարծիքով իրատեսական  է մի քանի պատճառներով.

  1. Թուրքական աշխարհ–Զանգեզուր տրանզիտի սիներգիա. Եթե եղանակավորվեր Անկարայի առավելապաշտական մոդելը (Ադրբեջան–Նախիջևան–Թուրքիա առանց բավարար հայկական սուվերեն վերահսկողության), ապա դա կուժեղացներ Թուրանի հաղորդակցական ու տնտեսական առանցքը՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական։ Դա կարող էր հակակշռել Իսրայելի սովորական «շահերի առանցքին»՝ էներգետիկ, տեղեկատվական և պաշտպանական լոգիստիկայում։ Caspian Policy Center, Modern Diplomacy
  2. Թուրքական աշխարհ–«Զանգեզուրի միջանցքի» հարցի ռազմական ազդեցությունը – Թուրքիա–Ադրբեջան տանդեմի լիակատար վերահսկողությունը Զանգեզուրի կապուղու վրա կուժեղացներ Անկարայի ռազմավարական մոբիլությունը Կովկասում։ Իմ կարծիքով Իսրայելի շահերից չի բխում թուրքախոս պետությունների ռազմաքաղաքական միավորումը, քանի որ թուրքական տարրի ուժեղացումը կարող է սրել Իսրայել–Թուրքիա հակասություններն, որոնք արդեն իսկ առկա են Սիրիայում և Արևելյան Միջերկրականում։
  3. Սիրիական թատերաբեմում հակասությունները. Թուրքիա–Իսրայել մրցակցությունը Սիրիայում տարիներով խորացել է․ անգամ «ջերմացման» շրջանում առկա են եղել կառուցվածքային անհամապատասխանություններ՝ քրդական հարց, հյուսիսային Սիրիա, Իրանական ահաբեկչական ցանցերի չեզոքացում, վերջերս ավելացված դրուզների էթնիկ զտումներ ու Իսրայելի հզոր ապտակները Էրդողանի կողմից հովանավորյալ Ջուլանիի կամ ԱԼ Շարայի ռեժիմին և այլն։ Այդ հակասությունը հիմա էլ դիտվում է որպես աճող մրցակցություն տարածաշրջանում, ուստի Անկարայի աշխարհագրական առավելացումը Իսրայելի համար ցանկալի չէ։ carnegieendowment.org
  4. Իրանի գործոնը. Եթե տրանզիտը դառնա Անկարա–Բաքու տանդեմի վերահսկելի հարթակ՝ նվազագույն արևմտյան ապահովագրություններով, Թեհրանը կարող է արձագանքել ասիմետրիկ, ինչը Իսրայելի համար ենթադրում է ավելորդ ռիսկեր։ Արևմտյան «վերահսկիչ փաթեթը» (TRIPP-ի տրամաբանություն) այստեղ Իսրայելին ավելի սրտամոտ է՝ որպես վերահսկելի, թափանցիկ և բազմակողմ մոդել՝ այլ ոչ թե «միաբևեռ» թուրքական միջանցք։ forbes.com, thesoufancenter.org

Եզրակացություն այս բաժնում. Իսրայելի շահերին ավելի մոտ է այն լուծումը, որում «Զանգեզուրի միջանցքը» չի վերածվում Անկարայի ազդեցության չքաղաքականացվող «քամահրանքի», այլ դրվում է միջազգային(արևմտյան) իրավական ու անվտանգային վերահսկման տակ՝ հստակ երաշխիքներով Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

4) Հայ հրեական շահերի համընկնումներ՝ Հունաստան Կիպրոս և Հնդկաստան ուղղություններով

  • Արևելյան Միջերկրական. Հունաստան–Կիպրոս–Իսրայել համագործակցությունը էներգետիկայի և անվտանգության ոլորտներում Իսրայելի համար կրիտիկական առանցք է։ Հայաստանի «մեղմ ներգրավումը» այստեղ՝ որպես քաղաքականապես համակրելի գործընկեր, շահեկան է թե՛ վեկտորների բազմազանության, թե՛ թուրքական ազդեցության հավասարակշռման համար։
  • Հնդկաստան. Նյու Դելիի ռազմատեխնիկական և բարձր տեխնոլոգիական կապերի ընդլայնումը Երևանի հետ (և համաչափ՝ Իսրայել–Հնդկաստան ռազմա-տեխնոլոգիական կապերի խորությունը) ստեղծում է փոխլրացման հնարավորություն՝ գիտատեխնոլոգիական շղթաներում ու պաշտպանական ինովացիաներում։ Չմոռանանք, որ Հայաստանի կողմից ձեռք բերված հնդկական զինատեսակներն նաև կրում են Իսրայելյան բաղադրիչներ և Իսրայելը թույլատրել է այս գործարքները: Հնդկաստանի ու Պակիստանի վերջին հակամարտության ժամանակ Իսրայելը զենք էր ուղարկում Հնդկաստան՝ Հայաստանի դաշնակցին, որը դարձել է մեր երկրի ամենախոշոր զենքի մատակարարողը:

5) Այժմ ըստ տրամաբանության – կարո՞ղ են այս փուլում տաքանալ հայ – հրեական հարաբերությունները

Այո, պատուհանը բացվում է, եթե իմ կարծիքով միաժամանակ կատարվեն հինգ կարևոր նախապայմաններ.

  1. Տրանզիտի մոդելը լինի միջազգային վերահսկողությամբ, Հայաստանի սուվերենության երաշխիքը՝ «չքաղաքականացվող» նվազագույն ցանցային ռիսկերով (մաքսային/սահմանային վերահսկողություն՝ Երևանի իրավասության ներքո, երաշխիքների արևմտյան փաթեթ),
  2. Հայաստան–ԱՄՆ պաշտպանական համագործակցության շարունակական խորացում՝ ՀԿ-քաղաքացիական պատրաստականությունից մինչև տեխնո-անվտանգային նախագծեր («քաղաքացիական պաշտպանություն», CBRN կարողություններ, կիբերպաշտպանություն), am.usembassy.gov
  3. Պաշտպանունակության ու սահմանային ռեժիմների կայունացում, որպեսզի Երևանը չընկալվի որպես «ռիսկային հանգույց» Իսրայելի համար՝ հատկապես Իրանի հետ լարվածությունների ֆոնին։ The Armenian Weekly
  4. Հայաստանը չվերադառնա ռուսական ծիր և ջանքեր գործադրի կարճ ժամանակահատվածում իր տարածքից դուրս բերի ռուսական ռազմաբազաններն ու մինիմումի հասցնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից
  5. Հավատարիմ մնա ժողովրդավարական արժեքներին – շարունակի տնտեսկան դիվերսիֆիկացիան և կատարի տնային աշխատանքը՝ Եվրոմիության հայտ ներկայացնելու հետ կապված:

6) Ինչո՞ւ, իմ կարծիքով, Իսրայելը դեռ չի բացում դեսպանատուն Հայաստանում

Սրանք են հիմնական գործոնները (միմյանցից կախված):

  • Ռեգիոնալ հավասարակշռություններ. Իսրայելի ռազմավարական կապը Ադրբեջանի հետ (էներգետիկա, անվտանգություն) թելադրում է զգուշավորություն՝ ավելորդ կերպով չսրելով հարաբերությունները Բաքվի հետ։ Դեսպանության բացումը հաճախ ընկալվում է «քաղաքական ազդակ» Բաքվի հասցեին, և Երուսաղեմը խուսափում է անակնկալներից՝ հատկապես եթե սահմանային դինամիկան անկայուն է։
  • Իրան Իսրայել – Հայաստան եռանկյունի. Իրանի ուղիղ սահմանակցությունը Հայաստանի հետ Իսրայելին դնում է «զգայուն երկրաչափության» մեջ․ Երուսաղեմը գնահատում է թե՛ իրանական գործոնի արձագանքը, թե՛ որ Հայաստանը չդառնա անուղղակի ճնշման թիրախ Իրանի կողմից։ The Armenian Weekly
  • Պրագմատիկ գործընթացներ. Դիվանագիտական ներկայությունը մասամբ ծածկվում է Թբիլիսիից հավատարմագրությամբ և պատվո հյուպատոսության աշխատանքով Երևանում, ինչը թույլ է տալիս «ցածր ռիսկ, ցածր ծախս» ռեժիմ՝ մինչև տարածաշրջանային պատկերը հստակվի։ (Հայաստանն ունի դեսպանություն Թել Ավիվում, իսկ Իսրայելը՝ ոչ՝ Հայաստանում՝ առայժմ։) Wikipedia, mfa.am
  • Ժամանակային պատուհան. Եթե TRIPP/կապուղին ամրացվի միջազգային վերահսկողությամբ և Հայաստան–ԱՄՆ–ԵՄ հովանավորություններով՝ սահմանային կայունացմամբ, այդ ժամանակ Երուսաղեմում կարող է ձևավորվել «առաջնային կոնսենսուս», որ Երևանում մշտական դեսպանության բացումը այլևս չի «վնասի» այլ առաջնահերթություններին։ (Քաղաքացիական համայնքներում արդեն իսկ հնչում են սպասումների ազդակներ դեսպանության վերաբերյալ։) The Armenian Mirror-Spectator

7)  Հայաստան Իսրայել հարաբերությունների հնարավոր զարգացումների հիմքերն՝ Ադրբեջանի գործոնի ներառմամբ

Խոսելով բացառապես ազերական ֆակտորի մասին պետք է չմոռանալ նաև Ադրբեջան – Թուրքիա շատ հարցերում չհամընկնող հարաբերությունների ու շահերի մասին: Ադրբեջանը կանխում է Թուրքիայի որոշ օղակների միջոցով հնարավոր հայ – թուրքական սահմանի բացման ու տնտեսական հարաբերությունների խորացման գործընթացները՝ միաժամանակ հարթակ տրամադրելով նաև Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացման համար, որը մինչև օրս հաջողություններ չի գրանցել՝ իր հիմքում ունենալով Սիրիայում նոր կառավարության ու Իսրայելի ոչ բարեկամ հարաբերություններն և Միջերկրական ծովի ավազանում գազային հանքավայրերի նկատմամբ Իսրայելի պռոհունական դիրքորոշումը:

  1. Ադրբեջանի հակաիսրայելական քվեարկությունները
    • Վերջին ամիսներին Բաքուն մի քանի միջազգային հարթակներում Պաղեստինի հարցում հանդես է եկել Իսրայելի համար անբարենպաստ քվեարկություններով։ Սա ազդակ է Երուսաղեմին, որ հարաբերությունների հիմքում առկա էներգետիկ և ռազմական շահերը կարող են չբավարարել քաղաքական գործընկերոջը պահելու և նրան հավատարիմ մնալու համար։
    • Այս զարգացումը կարող է արագացնել Իսրայելի՝ էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից նվազեցնելու ռազմավարությունը։ Իսրայելը տարիներ առաջ կնքել է Ադրբեջանի հետ 44 մլրդ. ԱՄՆ դոլարի նավթային պայմանագիր, որը մասամբ վճարվում է զենքի տեսքով: Մինչև 2020թ.-ը Իսրայելը Ադրբեջանի ռեժիմին էր փոխանցել 5 մլրդ. ԱՄՆ դոլարի զենք, իսկ 2020 –ից հետո ևս 4 մլրդ. ԱՄՆ դոլարի նոր պայմանագրեր է կնքել ըստ մեր հաշվարկների:
  2. Աբրահամյան համաձայնագրերի տրամաբանության ընդլայնում
    • Աբրահամյան համաձայնագրերից հետո Իսրայելը հնարավորություն ունի նոր նավթային և գազային գործընկերներ գտնել՝ հատկապես Արաբական ծոցի և Աֆրիկական երկրներում (օր.՝ Բահրեյն, Մարոկկո, նույնիսկ Սաուդյան Արաբիա ապագա սցենարում) ։ Սա անշուշտ կթուլացնի Բաքվի նկատմամբ էներգետիկ կախվածությունը և կբարձրացնի Իսրայելի դիվանագիտական ազատությունը Կովկասում։
    • Հայաստանի հնարավոր միացումն Աբրահամյան համաձայնագրերին ավելի կսերտացնի հարաբերություններն Իսրայելի հետ նաև ինչու չէ ռազմարդյունաբերության ոլորտում:

Ընդհանուր եզրակացություն՝

Շատ հակիրճ մի քանի  նախադասությամբ. Լուրջ ռազմաքաղաքական նախադրյալներ կստեղծվեն Իրանում այաթոլլաների ռեժիմի փոփոխության, ավելի մեր համար ցանկալի իրանական կառավարության մոդելով, կբացվեն փայլուն հնարավորություններ ռազմական, քաղաքական, էներգետիկ-ատոմային, գյուղատնտեսույթան, առողջապահության, զբոսաշրջության, ուսումնական – կրթական և մշակությանի ոլորտներում հայ – իսրայելյան պետական մակարդակով համագործակցության համար, եթե Հայաստանը չշեղվի իր դիրքորոշումից, հավատարիմ մնա իր ժողովրդավարական ուղղուն և ձերբազատվի շատ արագ ռուսական ճիրաններից և դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը: